Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Շուշիի ազատագրման 10-ամյակի առիթով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Շուշիի ազատագրման 10-րդ տարեդարձի առիթով նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին՝ իր օրհնությունն ու շնորհավորանքը հայտնելով ԼՂ նախագահին եւ ողջ արցախահայությանը: Նամակում ասված է. «Մեծարգո Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ եւ հավատավոր համայն արցախահայությանը՝ Շուշիի ազատագրման 10-րդ տարեդարձի առիթով: Մեր ժողովրդի հազարամյա պատմությանը փառավոր նոր էջ հավելեց Շուշիի հերոսամարտը՝ շրջադարձային դառնալով Արցախի ազատագրության եւ հանուն հայրենի հողի, արդարության ու իրավունքի պաշտպանության Հայոց նոր պատերազմում: Աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդի հետ Մենք առանձնակի խնդությամբ ենք տոնում Շուշիի ազատագրության տասնամյա հոբելյանը, աղոթքով հիշելով վասն հայրենյաց իրենց կյանքը նվիրած մեր փառապանծ ազատամարտիկներին, որ երկնքից այսօր ուրախակից են մեզ: Մեծապես ուրախ ենք, որ Շուշիի հերոսամարտի տասներորդ տարեդարձը իր ազատությունը նվաճած Արցախ աշխարհը դիմավորում է նոր կյանքի կառուցման հաջողություններով եւ ապագայի հանդեպ վստահությամբ ու լավատեսությամբ: Այսօր առ Աստված մեր աղոթքն է, որ Տերը իր հանապազ խնամքի եւ օրհնության ներքո անխորտակ պահի հայոց արեւելյան բերդամրոցը՝ առաքյալների քարոզության հետքերը կրող սրբավայրերով եւ հերոսական իր ժողովրդով: Թող Տերը պարգեւի Ձեզ, հարգարժան պրն. Ղուկասյան, եւ Ձեզ ծառայակից պետական այրերին քաջառողջություն եւ հայրենաշեն գործոց նորանոր հաջողություններ: Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑե