Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթոլիկ եկեղեցու պետ Ներսես Պետրոս XIX-ին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովի առիթով Հայաստան ժամանած Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ամենայն հայոց Հայրապետն ու Հայ կաթոլիկ եկեղեցու պետն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովի գումարման առիթով, այն դիտարկելով իբրեւ աշխարհասփյուռ հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու կարեւոր քայլ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ բարեկամական կապերը՝ վստահությամբ, որ նոր հազարամյակում էկումենիկ հարաբերությունների բարի ընթացքն իր բարի արդյունքներն է բերելու: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել նաեւ Մխիթարյան միաբանության հայրերի հայանպաստ գործունեությանը: