Գարեգին Բ կաթողիկոսը «Սբ Գրիգոր Լուսավորիչե շքանշան հանձնեց Հայ եկեղեցու բարերարների
3 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն շքանշան է շնորհվել բարերարներ տեր եւ տիկին Չարլզ եւ Գրեյս Փինեճյաններին, Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններին, Նուբար եւ Անիտա Ջեսուրյաններին՝ ի գնահատություն նրանց եկեղեցաշեն ու ազգանվեր գործունեության: Տեր եւ տիկին Ռոբերտ եւ Ջուլիետ Աբելյանները պարգեւատրվել են Հայրապետական օրհնության եւ գնահատանքի գրով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում այս առիթով տեղի է ունեցել հանդիսություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը բարձրագույն պարգեւներն ու օրհնության գրերը հանձնել է մեծանուն բարերարներին՝ երախտագիտությամբ նշելով. «Եկեղեցին կանգուն ու պայծառ է իր բարեպաշտ զավակների ներկայությամբ, ովքեր բարի գործերով վկայում են իրենց հավատարմությունը Փրկչին, ազգին ու Հայրենիքինե: Ամերիկաբնակ բարերարներն, ի թիվս ազգաշեն եւ եկեղեցաշեն բազմաթիվ գործերի, իրենց կարեւոր ներդրումն են ունեցել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի հաստատման ու կայացման գործում: Ինչպես նշված է Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակում, «Հայաստանի անկախութեան հետ ծնունդ առած հոգեւոր կրթօջախը, այսօր իր շրջանավարտներով լրացնում է գիտակ ու նվիրյալ հոգեւորականների շարքերը Հայ եկեղեցու անդաստանումե: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի անունը կրող դպրանոցը արդեն տվել է շրջանավարտների հինգ սերունդ, որոնք սպասավորում են Հայաստանի եւ արտերկրի հավատացյալ հայ ժողովրդին: «Անչափ հպարտ եմ մեր ժողովրդի զավակներով, որոնք գիտեն իրենց վաստակը շաղախել հայ եկեղեցականների աշխատանքին եւ բարիքներ ստեղծել՝ իբրեւ երաշխիք մեր գոյության եւ մեր հարատեւությանե, -ասել է Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հղելով բարերարներին: Հանդիսությանը ներկա էին ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբաններ եւ բարեպաշտ հայորդիներ: Հանդիսության գեղարվեստական բաժնում հանդես են եկել Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաները, Արաբկիրի Հայորդյաց տան կամերային նվագախումբը եւ Նորքի Հայորդյաց տան «Հայկազունքե երգչախումբը: