Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի կրթության նախարարին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 28-ին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Վլադիմիր üիլիպովին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ռուս-հայկական Սլավոնական պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, խոսվել է երիտասարդության դաստիարակության գործում եկեղեցու կարեւոր դերի, ինչպես նաեւ կրթական հաստատություններում կրոնի ուսուցման անհրաժեշտության մասին՝ իբրեւ հոգեւոր-բարոյական արժեքների եւ ազգային ինքնության պահպանման կարեւոր երաշխիք: Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացնելով ՌԴ կրթության նախարարության գործունեությունը՝ Վ.üիլիպովն մասնավորապես նշել է նախարարության սերտ համագործակցությունը Մոսկվայի պատրիարքարանի հետ եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ իբրեւ ավանդական արժեքների կրողի, կարեւոր դերը կրթական ոլորտում: «Յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության համար առաջնային են ազգային արժեքները, դրանց պահպանությունն ու նրանց նկատմամբ անհրաժեշտ հոգածության դրսեւորումըե, -ասել է Վեհափառ Հայրապետը՝ ողջունելի նկատելով կրթական ասպարեզում համագործակցությունը պետության եւ եկեղեցու միջեւ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Սբ Էջմիածնի պատմությանը, Հայ եւ Ռուս եկեղեցիների փոխահարաբերություններին: