Հասարակական

ԱԺ նախագահն այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ,25 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Զոյա Բարսեղյան): Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր իր օրհնությունն ու մաղթանքները փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին՝ Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի պարգեւն ստանալու կապակցությամբ: «Մենք վստահ ենք, որ այս պարգեւն առավել պետք է զորացնի Ձեզ, որպեսզի հետամուտ լինեք քրիստոնեական հավատքի տարածման հարցերում Ձեր նպաստը բերելուն եւ որպես ԱԺ նախագահ, համապատասխան օրենքներով զորավիգ լինեք քրիստոնեական հավատքի տարածմանը: Այս պարգեւը գալիս է զորացնելու ուղղափառ եկեղեցիների եւ ժողովուրդների միջեւ եղբայրությունը, որպեսզի ներկա պայմաններում կարողանանք մեկտեղել մեր ջանքերը եւ համատեղ լուծումներ գտնենք այն բոլոր մարտահրավերներին, խնդիրներին, որոնք այսօր անհանգստացնում են աշխարհին եւ մարդկությանըե,-ասաց Վեհափառ հայրապետը: Ա. Խաչատրյանը նկատեց, որ նման պարգեւը բարձր գնահատական էր առաջին հերթին մեր ժողովրդին, եկեղեցուն, պետությանը: Հայ Առաքելական եկեղեցին միշտ կարողացել է իր ծառայությունը մատուցել մարդկայինին, քրիստոնեական արժեքներին: «Կարծում եմ այսուհետ եւս մեր պետության ու եկեղեցու համագործակցությունը կբերի մեր ժողովրդի երջանկության եւ հաջողության գրավականին, օրենսդրական դաշտում պիտի շարունակենք իրականացնել այն գործունեությունը, որտեղ երեւա Հայ Առաքելական եկեղեցու մեծ առաքելությունը, գնահատություն տրվի եկեղեցուն, եւ այսուհետ եւս կարողանանք պահպանել մեր հոգեւոր կերտվածքըե,-ասաց ԱԺ նախագահը: Ամենայն Հայող հայրապետը նույնպես վստահություն հայտնեց, որ Աժ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի հստակեցնի կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտը, ինչը կարող է կարգավորել դրանց աշխատանքը եւ գործունեությունը Հայաստանում: Նշվեց, որ եկեղեցու համար բավականին խնդիրներ են հարուցում աղանդները՝ հատկապես հոգեորսության իրականացմամբ: «Այս տասը տարիների ընթացքում, ինչպես այլազան ոլորտներում, այնպես էլ կրոնական ոլորտում իրապես անհրաժեշտություն կա, որպեսզի օրենքներով հստակեցվեն եւ ամրագրվեն մեր եկեղեցու եւ նրա գործունեության ընթացքըե, նշեց Վեհափառ հայրապետը: Նա նաեւ անդրադարձավ հումանիտար օգնության առումով տարվող հարկային քաղաքականության առաջացրած օրենսդրական որոշակի դժվարություններին: Ա. Խաչատրյանը նշեց, որ կվերանայեն օրենքները, եւ եթե դրանք չվերաբերեն ստվերային դաշտ մտնելուն, ապա անպայման բարեգործությունը, մարդասիրական օգնությունը պիտի իր հնարավոր տարածումը գտնի: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ԱԺ նախագահին նվիրեց «Ազգապատումե գրքի եռահատորյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում