Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ներկայացուցչին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի փոխտնօրեն Քենթ Հիլին: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը,Նորին Սրբությունը բարձր է գնահատել ամերիկյան կազմակերպության ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ համոզմունք հայտնել, որ այն իր նպաստն է բերում երկրի առաջընթացին ու ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը: Խոսվել է նաեւ եկեղեցու հետ հնարավոր համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է եկեղեցու կարեւոր դերը հասարակության բարոյական նկարագրի ձեւավորման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի առաքելությանն ու առաջիկա ծրագրերին, առանձնացնելով հատկապես կրթական ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձաել են նաեւ Հայաստան ներթափանցած կրոնական կազմակերպություններին եւ նրանց գործունեությանն առնչվող խնդիրներին: