Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր քարտուղարին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր քարտուղար դոկտոր Միլեր Միլոյին: Մայր Աթոռի մամլո դիվանի համաձայն, նորին Սրբությունը, ողջունելով դոկտ. Միլոյի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ Էջմիածին, բարձր է գնահատել Աստվածաշնչյան ընկերության գործունեությունը: Իր հերթին դոկտ. Միլոյը, անդրադառնալով 1990թ. ի վեր ընկերության գործունեությանը Հայաստանում, առանձնապես կարեւոր է նկատել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հետ համագործակցությունը: Վերջինի վկայությունն է այն, որ դեռեւս անցած տարվանից Ամենայն հայոց Հայրապետի հանձնարարությամբ Հայաստանի Աստվածաշնչյան ընկերությունը հանձն է առել Սուրբ Գրքի արեւելահայերեն հրատարակության վերանայման եւ հրատարակման աշխատանքները: Հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնվել քրիստոնեական տարբեր աղանդների կողմից իրենց քարոզչությանը հարմարեցված, աղավաղված տարբերակով Աստվածաշնչի հրապարկման եւ տարածման առնչությամբ, ինչը շփոթ ու թյուրըմբռնում է առաջացնում ժողովրդի մոտ: