Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Սերգեյ Ստեպաշինին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն է հայտնել պրն Ստեպաշինի այցի կապակցությամբ, նշելով, որ նման այցելությունները Մայր Աթոռ Սբ Էջմիածին նույնպես նպաստում են հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր կապերի սերտացմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու ժողովուրդների պատմական դարավոր հենքի վրա խարսխված բարեկամությունը շարունակում է զարգանալ երկու երկրների անկախության պայմաններում՝ բերելով իր բարի արդյունքները՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության: Պրն Ստեպաշինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա չափազանց կարեւոր է նկատել եկեղեցու դերը ժողովրդի կյանքում, հատկապես՝ երիտասարդ սերնդի հոգեւոր-բարոյական դաստիարակության գործում: