Արամ Ա. կաթողիկոսի հանդիպումները Դանիայի լութերական եկեղեցու պատասխանատուների հետ
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ընթացիկ տարվա առաջին ժողովը նախագահելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կոպենհագենում նաեւ հանդիպումներ է ունեցել Լութերական Եկեղեցու բարձրաստիճան հայրերի հետ: Լութերական եկեղեցին Դանիայի ազգային Եկեղեցին է եւ ընդգրկում է երկրի քրիստոնյա բնակչության յուրաքանչյուր հարյուրից իննսունին: Վեհափառ հայրապետը, ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մամլո դիվանից, Լութերական կենտրոնական վարչության ատենապետի եւ ընդհանուր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է միջեկեղեցական հարցեր, նաեւ այդ եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեւ կապերն ավելի սերտացնելու հնարավորությունները: Վեհափառ հայրապետը հանդիպել է նաեւ Դանիայի միջեկեղեցական օգնության հանձնախմբի ատենապետի հետ եւ քննարկել Կիլիկիո «Թռչնոց բույնե ճեմարանի գործունեության ծրագրերը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Դանիայի լութերական եկեղեցու միջեւ հաստատված են բարեկամական սերտ կապեր: Հայկական ջարդերի ժամանակ Կիլիկիայում այս եկեղեցու միսիոներները մեծապես օգտակար են եղել հայ որբերին, հիմնել են «Թռչնոց բույնըե եւ խնամել հազարավոր անապաստանների: Միսիոներներից մեկը նաեւ նյութապես օժանդակել է Հալեպի Ճեմարանի շինությանը, որն այնուհետեւ կրել է այդ բարերարի անունը՝ Քարեն Եփփե: 1970-ականներին Լութերական Եկեղեցին «Թռչնոց բույնըե պաշտոնապես փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, եւ մինչեւ այսօր էլ դանիացիները որոշ չափով օժանդակում են ճեմարանին: Արամ Ա. Կաթողիկոսը ժողոնի օրերին հանդիպումներ է ունեցել նաեւ Դանիայի այլ եկեղեցիների պատասխանատուների հետ: