Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը օրհնության եւ գնահատանքի գրեր հանձնեց հայրապետական թափորների ամպհովանակիրներին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 10-ին, Բուն Բարեկենդանի օրը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հիմք դրվեց մի նոր ավանդույթի. Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիսավոր պայմաններում հայրապետական օրհնության եւ գնահատանքի գրեր հանձնեց հայրապետական պատարագների ամպհովանակիրներին՝ Հայ եկեղեցու ծիսաարարողական կյանքին որդիական պատրաստակամությամբ իրենց մասնակցությունը բերելու համար: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն, ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ՝ իբրեւ Աստծո հովանու ներկայություն եւ առաջնորդություն՝ այնպես ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որ հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Հայրապետական թափորների ամպհովանակիրներ են լինում ժողովրդի տարբեր դասերի պատվարժան ներկայացուցիչները: Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ընտրությունից ի վեր ամպհովանի կրելու պատվին են արժանացել Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ ճանաչված հայորդիք՝ ազգային բարերարներ, պետական ու հասարակական գործիչներ, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, մտավորականներ: Նրանց թվում են ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ԵՊՀ իրավաբանական ýակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, սփյուռքահայ բարերարներ Էդուարդո Էորնեկյանը, Գառնիկ Յակուբյանը եւ այլք: Հայրապետական օրհնության գրի է արժանացել նաեւ «Տիգրան Մեծե հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը՝ իբրեւ այս տարվա Ջրօրհնյաց արարողության կնքահայր: Հանդիսության ընթացքում Հայրապետական վկայագրերը հանձնելով հայաստանցի ամպհովանակիրներին, Նորին Սրբությունն ասել է. «Հայոց Հայրապետի կողքին մշտապես կանգնած են եղել մեր ազգի անվանի ու մեծավաստակ զավակունք՝ խորհրդանշելով Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի միջեւ անքակտելի այն միությունը, որ մենք որպես մեր հայրերի նվիրական ու սրբազան ժառանգություն պարտավոր ենք պահել ու ամրապնդելե: Մայր Աթոռին ծառայելը որդիական պարտք է համարել Ս.Արեւշատյանը, ամպհովանակիրների անունից շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին: Երախտագիտության խոսք է ասել նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, նշելով, որ պատմության ընթացքում Հայ եկեղեցին դառնալով հայ ժողովրդի գոյատեւման հիմք, այսօր էլ հայոց պետականության կողքին պետք է շարունակի առաջնորդել իր ժողովրդին դեպի հարատեւություն: Հանդիսության ընթացքում ամպհովանու խորհրդի եւ գործածության վերաբերյալ բանախոսել է «Էջմիածինե ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դեւրիկյանը: Ընթերցվել են հայ մատենագրությունից ու գրականությունից քաղված Հայրապետական թափորները նկարագրող պատառիկներ: Ներկաներն առիթ են ունեցել ունկնդրելու նաեւ գեղեցիկ հոգեւոր երաժշտություն՝ Հայաստանի կամերային երգչախմբի կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում