3 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ անդրանիկ հովվապետական այցն է կատարում Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ, նոյեմբերի 14-ից գտնվում է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս (Նոր Հարավային Ուելս) նահանգի վարչական կենտրոնում՝ Սիդնեյում: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Ամենայն հայոց Հայրապետին Սիդնեյի հայ համայնքն ընդունել է ջերմությամբ եւ մեծ հուզմունքով: Կիրակի, նոյեմբերի 17-ին, Վեհափառ Հայրապետը Սիդնեյի մայր տաճարում մատուցել է Հայրապետական Սբ Պատարագ: Այս մասին հաղորդում է թեմի մամլո դիվանը, նշելով. «Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նվաճում է Սիդնեյի հայ համայնքի սիրտըե: Սրբազան արարողությանը մասնակցել են շուրջ 1500 հավատացյալներ եւ մի շարք ազդեցիկ պաշտոնյաներ, որոնց թվում՝ նախարարներ, խորհրդարանի անդամներ եւ եկեղեցիների պետեր: Իր քարոզում Վեհափառ Հայրապետը գնահատանքի խոսք է ուղղել Ավստալիայի դաշնային կառավարությանը՝ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած հարգալից վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել նաեւ ավստրալահայ համայնքին՝ Մայր Հայրենիքին աջակից լինելու համար: Նույն օրը երեկոյան Նորին Սրբության եւ ավելի քան 400 հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ընթացքում Ավստրալիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բարձր են գնահատել հայ համայնքի ներդրումը երկրի հասարակական կյանքում: Իսկ Ավստրալիայի Եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ջոն Հենդերսոնը նշել է Հայ եկեղեցու եւ թեմակալ առաջնորդ Տ. Աղան արք. Պալիոզյանի նշանակալից դերը ԵՀԽ-ի հիմնադրման գործում (Սրբազան Հայրը ԵՀԽ-ի առաջին եւ մշտական նախագահն է): Պատասխան խոսքում Նորին Սրբությունը, դիմելով Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչներին, կոչ է արել մասնակից լինել Մայր Հայրենիքի կառուցման գործին ու հայրենաշեն բոլոր ձեռնարկումներին: Նորին Սրբությունը կոչ է արել նաեւ Ավստրալիայի կառավարությանը՝ հետեւել Նյու Սաութ Ուելսի խորհրդարանի որոշմանը եւ պաշտոնապես ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով դատապարտելով մարդկության դեմ գործված ոտնձգությունը: Սիդնեյում Վեհափառ Հայրապետը այցելել է նաեւ համայնքի անդամներին, եղել Սիդնեյի 3 հայկական դպրոցներում: Այստեղ Հայոց Հայրապետին դիմավորել են բուռն ծափողջյուններով ու մեծ ոգեւորությամբ: Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ երեխաներն են համայնքի մեծագույն գանձն ու ապագան, եւ հորդորել միշտ «վառ պահել հայկական կրակը սաների աչքերումե: Նշանակալից է եղել Համազգայինի Արշակ եւ Սոýի Գալսթոն դպրոցում տեղի ունեցած հանդիպումը: Նորին Սրբությունը իր օրհնությունը տալով դպրոցի բակում եկեղեցի կառուցելու նախաձեռնությանը, նշել է, որ անձամբ կմասնակցի եկեղեցու օծմանը, այն կոչելով Սբ Էջմիածին՝ ի նշանավորումն եկող տարի Սբ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյա հոբելյանի: