Շարունակվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ

5 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցն Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նոյեմբերի երեկ Սիդնեյի Սուրբ Հարություն հայոց եկեղեցում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ տեղի է ունեցել միասնական աղոթք: Արարողությանը ներկա ավելի քան 300 հայորդիք առիթ են ունեցել լսելու Հայոց հայրապետի պատգամը: Նույն օրը Վեհափառ հայրապետն այցելել է Նյու Սաութ Ուելսի նահանգապետ տիկ. Մարի Բաշիրին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սիդնեյի նախկին քաղաքագլուխ Նիքոլաս Շիհեդին: Զրուցակիցներն անդրադարձել են նորօրյա ժամանակների համար հրատապ հարցերի՝ կարեւորելով աշխարհում բոլոր ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատումը: Ավելի ուշ, երեկոյան, Սիդնեյի Սբ. Անդրեաս մայր տաճարում Վեհափառ հայրապետը մասնակցել է էկումենիկ արարողության, որին ներկա են եղել քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ծխական անդամներ: Իր խոսքում Վեհափառ հայրապետը ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը էկումենիկ շարժման զարգացման գործում: Արարողության ավարտից հետո տեղի ունեցած ընդունելության ընթացքում Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել քույր եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Չորեքշաբթի, նոյեմբերի 20-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է թեմական ժողովի եւ եկեղեցական խորհրդի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայ Եկեղեցուն եւ թեմին առնչվող մի շարք հարցեր: Նույն օրը, կեսօրից հետո, ի պատիվ Հայոց Հայրապետի Նյու Սաութ Ուելսի կառավարական տանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Հայոց հոգեւոր առաջնորդին ողջունել է նահանգի վարչապետ Բոբ Քերին: Խոսելով հայ համայնքի մասին՝ վարչապետը վերհիշել է 1997թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի այցն Ավստրալիա եւ Վեհափառ հայրապետին տված իր խոստումը՝ հայ համայնքի նկատմամբ հոգատար լինելու մասին: Պրն. Քերին անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի դժվարին պատմությանը եւ 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նյու Սաութ Ուելսի պառլամենտի կողմից հինգ տարի առաջ ընդունած բանաձեւին: Վարչապետը հույս է հայտնել, որ շուտով կստեղծվի նաեւ Նյու Սաութ Ուելս-Հայաստան բարեկամության միությունը: Պատասխան խոսքում Վեհափառ հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար եւ գոհունակություն արտահայտել նահանգային կառավարության եւ հայ համայնքի միջեւ առկա ջերմ կապերի առնչությամբ: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ բարեկամությունը իր արտահայտությունը կգտնի ավելի բարձր՝ կառավարական մակարդակներում: Նույն օրը, երեկոյան, Վեհափառ Հայրապետն Ուիլոբիի հանդիսասրահում հանդիպում է ունեցել երիտասարդության հետ: Գեղարվեստական ծրագրից հետո Նորին Սրբությունը պատասխանել է երիտասարդությանը հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերի՝ առնչված Հայ Եկեղեցու խնդիրներին, եկեղեցական կյանքում երիտասարդության դերին, ինչպես նաեւ միասեռականությանը, մարդու կլոնավորմանը եւ այլն խնդիրների վերաբերող հարցերի: Հովվապետական այցի ընթացքում Վեհափառ Հայրապետն այցելել է նաեւ Բրուկվեյլի «Ալեքսանդրե ծերանոց: Այս հաստատությունն իր տեսակի մեջ միակն է Սիդնեյում, որտեղ բնակվում են հայախոս տարեցներ: Նորին Սրբությունն իր օրհնությունն է տվել ծերերին եւ աղոթել նրանց համար, մտերմիկ զրույց ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Հայոց Հայրապետն իր գնահատանքն է տվել նաեւ ծերանոցի աշխատակազմին ու տնօրինությանը՝ ծերերի հոգատար խնամքի համար: Առաջիկա օրերին նախատեսվում է Վեհափառ հայրապետի հանդիպումն Ավստալիայի վարչապետ Ջոն Հովարդի հետ: Նորին սրբությունը կայցելի նաեւ խորհրդարան՝ տեսնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը եւ հանդիպելու խորհրդարանի խոսնակի հետ: Նախատեսվում է նաեւ նրա այցը Ուիլոբիի քաղաքապետարան, ուր Հայոց կաթողիկոսին հանդիսավոր ընդունելության ընթացքում կհանձնվի Ուիլոբի քաղաքի բանալին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա