Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն անդրանիկ հովվապետական այցով մեկնեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նոյեմբերի 11-13-ը Վեհափառ Հայրապետը կլինի Բանգկոկում (Թաիլանդ): Այստեղից Նորին Սրբությունը կմեկնի Ավստրալիա, կայցելի հայաշատ Սիդնեյ եւ Մելբուրն քաղաքներ: Վեհափառ Հայրապետի հովվապետական այցը կեզրափակվի Սինգապուրում՝ նոյեմբերի 27-28-ը: Հովվապետական այցի ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսը պատարագներ կմատուցի տարբեր եկեղեցիներում, հանդիպումներ կունենա հայ համայնքի, ինչպես նաեւ պետական իշխանությունների հետ, էկումենիկ հանդիպումներ կունենա այլ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն վրդ. Միրզախանյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը եւ Տ.Գեղարդ աբղ. Վահունին՝ իբրեւ գավազանակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում