Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը սրտակցության գիր է առաքել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը սրտակցության գիր է առաքել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ահաբեկիչների խմբավորման կողմից մշակույթի տան գրավման եւ հարյուրավոր անձերի պատանդ վերցնելու առնչությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, նամակում Նորին Սրբությունը հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իր ցավն ու վրդովմունքն է հայտնել ահաբեկիչների իրականացրած բռնարարքի վերաբերյալ: Հայոց Հայրապետի ուղերձում ի մասնավորի նշվում է. «Ահաբեկություններն ու բռնարարքները չեն մարդկության ապագան: Խաղաղ ու ստեղծագործ համակեցությամբ միայն ժողովուրդները պիտի կառուցեն իրենց կյանքը՝ նպաստելով աշխարհում համերաշխության ամրապնդմանն ու զորացմանը եւ սիրո ու բարու հաղթանակին: Խաղաղասեր ողջ մարդկության հետ մեր Եկեղեցին դատապարտում է ահաբեկչության նմանատիպ ցանկացած դրսեւորում՝ ուղղված մարդկության դեմե: Վեհափառ Հայրապետը նաեւ աղոթք է մատուցում Բարձրյալին, որպեսզի Երկնավոր Տերը համբերություն եւ հոգու ամրություն պարգեւի Նորին Սրբություն Ալեքսի Բ Պատրիարքին, պատանդներին ու նրանց հարազատներին եւ ռուս հավատավոր ողջ ժողովրդին՝ հաղթահարելու բռնարարքի ծանր փորձությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում