Հասարակական

Հանրապետության ղեկավար պաշտոնյաները շնորհավորում են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ ծննդյան 50-ամյակի կապհակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ եռանդ հովվապետական Ձեր վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում: Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն, որ արժանի շարունակությունն է լինելու հայոց մեծագույն հայրապետների հայրենանվեր ու սրբազան գործի: Շնորհավորելով Ձեր հոբելյանի առթիվ՝ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ 1700-ամյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Ձեր հովվապետությամբ նորոգ շնչով իրականացնելու է իր հոգեւոր ծառայությունը հանուն հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի բարգավաճմանե,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում: «ՀՀ Ազգային Ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կեսդարյա հոբելյանը՝ հայցելով Ամենաբարձրյալից առողջություն ու երկար տարիների կյանք Ձեզ համար՝ համոզված, որ ամեն օրն ու ժամը ի սպաս եք դնելու հայոց 1700-ամյա եկեղեցու շենացմանը ու Հայաստանի բարգավաճմանը: Մեծ լուսավորչի պատմական գահը ժառանգելուց քիչ ժամանակ է անցել, այնուհանդերձ, այս կարճ ընթացքում արդեն իսկ ապացուցել եք, որ հայոց 131 կաթողիկոսների արժանի հետնորդն եք ու ձեր նախորդների ազգապահպան գործունեության ճշմարիտ շարունակողը: Վերստին շնորհավորում եմ եւ մաղթում երջանկաբեր ու հիշարժան հայրապետություն, երջանկություն եւ հաջողություններե,-նշվում է ԱԺ նախագահի ուղերձում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-ամյակի առթիվ: Խորհրդանշական է, որ Ձեր հոբելյանը համընկնում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ: Տոն, որ հավասարապես նշում են թե եկեղեցին, թե պետությունը՝ իբրեւ հայ ժողովրդի գոյատեւման, ազգային ինքնության պահպանման կարեւորագույն երաշխիքներից մեկը: Հանրահայտ է այն մեծ դերակատարությունը, որ Դուք՝ Վեհափառ Տեր, ունեցել եք անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունների սերտացման, ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Համոզված եմ, որ Ձեր աստվածահաճո ղեկավարությամբ 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցին կշարունակի հաջողությամբ կենսագործել համազգային նպատակների, քրիստոնեական հավատի, անկախ պետականության շուրջ ժողովրդին համախմբելու այն նվիրական գործը, որ դարեր առաջ սկզբնավորել են մեր ժողովրդի աշխարհիկ եւ հոգեւոր մեծերը: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ երկար տարիներ առաջնորդելու հավատացյալ հայ ժողովրդին՝ ի փառս Հայ Առաքելական եկեղեցու հետագա բարգավաճման, հայ անկախ պետականության ամրապնդման եւ հայության հավերժական գոյությանե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում