Արամ Ա. «Ս.Էջմիածինը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է միասնաբար ձեռնարկեն Հայ եկեղեցու վերանորոգումըե
3 րոպեի ընթերցում
ՆԻԿՈՍԻԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ահաբեկչի, որի նպատակը քաոսի ստեղծումն է, եւ ազատամարտիկի միջեւ, որի նպատակը ազգային եւ մարդկային իրավունքների վերահաստատումն է, հստակ եւ որոշակի բաժանարար գիծ կա. քրիստոնեական կրոնը հաստատապես հակառակ է բռնությանը, եկեղեցին հանձնառու է մարդկային եւ ազգային իրավունքների պաշտպանությանըե, -հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Նիկոսիայում հայ եւ օտարազգի լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նրանց հարցերին: Նա Կիպրոս էր ժամանել հովվապետական այցով, թեմի՝ քրիստոնեության 1700-ամյակի եզրափակիչ հանդիսությունները նախագահելու նպատակով: Անդրադառնալով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությանը, Վեհափառ Հայրապետը նշել է, թե երկխոսությունը հիմնական անհրաժեշտություն է, առանց որի անկարելի է ապրել եւ գոյակցել, հասնել հարցերի լուծման: Երկխոսությունը չի վերացնում բազմազանությունը, բայց այդ բազմազանության միջեւ ստեղծում է հանդուրժողականություն եւ հասկացողություն: «Այլեւս ժամանակն է ո՛չ թե մեկս մյուսի մասին խոսելու, այլ իրար հետ խոսելու, որպեսզի կարելի լինի հարցերի լուծումները գտնել խաղաղության մեջ, եւ ոչ թե՝ պատերազմիե,-ասել է Արամ Ա կաթողիկոսը, ավելացնելով, որ այդ նպատակով ԵՀԽ-ը ձեռնարկել է բռնության դեմ պայքարի 10-ամյակ: Պատասխանելով անկախ Հայաստանի կյանքում Կիլիկիո կաթողիկոսության դերին վերաբերող հարցին, Վեհափառ Հայրապետն ասել է, թե այն միշտ սերմանել է անկախ Հայաստանի տեսիլքը, անկախության առաջին օրերից իր գործուն մասնակցությունն է բերել Հայաստանի պետականության հզորացման աշխատանքներին, ազգակերտման ու ազգապահպանման գործին: «Հայաստանին օգտակար լինելը մարդասիրական գործ չի եղել կաթողիկոսության համար, այլ ազգային պարտականություն, որովհետեւ հայրենիքը պատկանում է յուրաքանչյուր հայի՝ լինի հայաստանաբնակ, թե սփյուռքահայ: Առանց Հայաստանի Սփյուռք գոյութիւն չի կարող ունենալ, եւ առանց Սյուռքի Հայաստանը չի կարող զորեղ դառնալ: Հայրենիքի հանդեպ մենք ունենք պարտավորություններ, միաժամանակ եւ՝ իրավունքներե,-ընդգծել է Արամ Ա-ն: Նա միաժամանակ ավելացրել է, թե եկեղեցական իմաստով Կիլիկիո կաթողիկոսությունը Հայաստանում անելիք չունի. այդ պարտավորությունը պատկանում է Ս.Էջմիածնին, սակայն իրենք միշտ պատրաստ են այս գծով ընդառաջելու Ս.Էջմիածնից կատարվող որեւէ խնդրանքի: Նա համոզմունք է հայտնել, թե պետք է դուրս գալ Կիլիկիո եւ Էջմիածնի կաթողիկոսությունների հարաբերությունների վարչական հարցերի նեղ սահմաններից ու միասնաբար ձեռնարկել հայ եկեղեցին համապարփակ վերանորոգման ենթարկելու աշխատանքին, որը հրամայական պահանջ է, միասնաբար դիմագրավելու համար մարտահրավերները Հայաստանեայց եկեղեցուն: