Նավթի արժեքը Նյու Յորքի ապրանքային սակարանում նվազել է բառելի դիմաց մինչեւ 62,21 դոլար

3 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ապրանքային սակարանում նավթը երկուշաբթի օրն զգալիորեն էժանացել է: Առեւտրաշրջանի փակվելու պահին հունվարին «սեւ ոսկուե մատակարարման ապառնագրերը կնքվում էին բառելի դիմաց 62,21 դոլար գնով: Դա 1,22 դոլարով պակաս է անցած ուրբաթ օրվա համանման ցուցանիշից եւ 16,19 դոլարով ցածր է բառել նավթի բացարձակ նվազագույն արժեքից, որն այստեղ գրանցվել է այս տարվա հուլիսի 14-ին: Փորձագետները հիշեցնում են, որ անցած շաբաթվա երկրորդ կեսին ածխաջրածնային հումքի բառելի արժեքը Նյու Յորքում զգալիորեն բարձրացել էր: Շուկան այդպես էր արձագանքել եկող տարվա փետրվարից նավթի արդյունահանումն օրական 500 հազար բառելով կրճատելու ՕՊԷՔ-ի խորհրդաժողովի՝ Նիգերիայում կայացած արտահերթ նստաշրջանի որոշմանը: Ընդսմին, ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների, երկրում շարունակում է նվազել նավթի, բենզինի, դիզելային եւ ավիացիոն վառելիքի, ինչպես նաեւ շենքերի ջեռուցման համար օգտագործվող մազութի առեւտրային պաշարները: Շատ թրեյդերներ անհանգստացած են, որ ձմեռային տարեշրջանում կարող է մազութի պակաս զգացվել, որով ջեռուցվում է ԱՄՆ-ի շենքերի զգալի մասը, նշում են մասնագետներ: Ըստ վերլուծաբանների, այժմ կարելի է խոսել նավթի գների շտկման մասին: Բարձր գնանշումները, սակարանային սպեկուլյանտներին, նախեւառաջ ներդրումային հիմնադրամներին, թույլ տվեցին մեծ շահույթ ստանալ, ինչն այժմ նախադրյալներ է ստեղծել գների որոշ նվազման համար: Դրա հետ մեկտեղ, ինչպես մատնանշում են փորձագետները, թրեյդերներին որոշ չափով հանգստացրել է համաշխարհային նավթաշուկայի իրադրության վերաբերյալ ՕՊԷՔ-ի վերջին զեկույցը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ եկող տարի ածխաջրածնային հումքի պահանջարկի կտրուկ աճի չի լինի, ինչպես ավելի վաղ ենթադրում էին առանձին մասնագետնեցր: ՕՊԷՔ-ի փորձագետների տվյալների համաձայն, համաշխարհային էկոնոմիկայի՝ անմշակ նավթի պահանջմունքը 2007 թվականին միջին հաշվով կաճի 1,6 տոկոսով կամ օրական 1,3 մլն բառելով: Ընդսմին ՕՊԷՔ-ի մեջ չմտնող նավթ արդյունահանող պետությունները, նշվում է զեկույցում, եկող տարի նավթի օրական արդյունահանումը կավելացնեն 1,8 մլն բառելով եւ այնի կհասցնեն 53 մլն բառելի:

Հայերեն