Ցավի բժշկության միջազգային համագումար և ցուցահանդես․ մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները կհամախմբվեն մեկ տեղում

5 րոպեի ընթերցում

Երևանում դեկտեմբերի 4–6-ը, մեկ միասնական հարթակում, կանցկացվեն երկու խոշոր միջոցառումներ՝ Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսը և ցավի բժշկության հայկական միջազգային երկրորդ համագումարը։ Նախաձեռնության առանցքում բժշկության, գիտության, կրթության, նորարարական տեխնոլոգիաների և առողջապահական ոլորտի գործարար համայնքի համախմբումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նյարդաբան, Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի և Ցավի բժշկության հայկական միջազգային համագումարի հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս հարթակը լավ հնարավորություն է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ քաղաքացիների համար։

«Աշխարհի շատ երկրներում կան քրոնիկ ցավի առանձին մասնագետներ և կապ չունի, թե այդ ցավը ինչի պատճառով է առաջացել։ Ցավի բժշկությունը դեռևս Հայաստանում չունի կլինիկական օրդինատուրա և մենք դեռ չունենք դիպլոմավորված ցավի մասնագետներ, բայց բոլորս՝ նյարդաբանները, մաշկաբանները, ռևմատոգոլները, վիրաբույժները, նեյրովիրաբույժներն առնչվում են ցավային համախտանիշներին։ Սրան է նվիրված մեր համագումարը, որին աշխարհի տարբեր երկրների, այդ թվում, Հայաստանի շուրջ 70 մասնագետներ քննարկելու են ոլորտի օրակարգային հարցերը»,-ասաց Ավետիս Ավետիսյանը։

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսի հիմնադիր տնօրեն Արմեն Նիազյանը նշեց, որ այս ցուցահանդեսը բազմաշերտ մի հարթակ է, որն ունի թիրախային տարբեր լսարաններ՝ նեղ մասնագետներից, մինչև հասարակության լայն շերտեր։

«Մենք ցանկանում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են գալ ծանոթանալ առողջապահական տարբեր կլինիկաների, լաբորատորիաների ծառայություններին։ Մենք ուզում ենք հրաժարվել միայն մասնագիտական նեղ շրջանակին ներգրավելու տարբերակից և հանրության ավելի լայն շերտերի հետ աշխատել։ Այս տարի էլ ցուցահանդեսի շրջանակում ունենք անվճար հետազոտություններ, խորհրդատվություններ։ Փորձում ենք այնպես անել, որ էքսպոն լինի քաղաքացու համար»,-ասաց Արմեն Նիազյանը։ Նա տեղեկացրեց, որ աշխարհի մի շարք երկրներից հետաքրքրվածություն կա ցուցահանդեսին մասնակցելու, ծանոթանալու Հայաստանի շուկային ու ձեռք բերելու տարածարջանային գործընկերներ։ Ցուցահանդեսին մասնակցելու են ընկերություններ Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Հնդկաստանից։

Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ, նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանի խոսքով, նման միջոցառումներով կարևորվում են ինչպես մասնագիտական կապերի ընդլայնումը, փորձի փոխանակումը, այնպես էլ քաղաքացիներին իրազեկելը։ Ըստ նրա՝ ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել քաղաքացիներին տեղ հասցնելու, որ ցավը կյանքի որակի վրա ազդող գործոն է ու պետք չէ այն  զսպել, անհրաժեշտ է դիմել մասնագետներին։

«Մենք կարող ենք ունենալ սուր ցավային, քրոնիկ ցավային համախտանիշներ, որոնք ազդելու են մարդու կյանքի, գործունեության վրա, առաջ են գալու սահմանափակումներ։ Շատ հաճախ սուր ցավին համարժեք պատասխան չտալու պատճառով հետագայում ավելի բարդ փուլ է լինում։ Մենք կարող ենք կանխարգելիչ մոտեցում ցուցաբերել։ Մարդկանց մոտ լինի այն գիտակցումը, որ ոչ թե դիմանան, ուշացնեն, չդիմեն, այլ հակառակը ավելի շուտ լուծում գտնեն հետագայում շատ չտառապելու համար»,-ասաց Սամսոն Խաչատրյանը։

Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Միհրան Նազարեթյանի խոսքով, այս համատեքստում շատ կարևոր է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը, ինչը օգնում է քաղաքացիներին, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չհետաձգել բժշկի այցելությունը։

«Այսօր հետազոտական ծառայությունները, դեղորայքը, բուժումը ապահովագրության շրջանակում հասանելի են։ Շատերն իրենց կյանքն ապրում են՝ ունենալով քրոնիկական ցավ, ինչը վստահաբար ազդում է կյանքի որակի վրա։  Ցավը նշան է, որը ազդակ պետք է լինի անձի համար, ոչ թե այն տարբեր ավանդական ոչ ավանդական միջոցներով զսպելու, այլ մասնագետին դիմելու համար։ Եթե ցավ կա, ուրեմն պետք է անպայման ուշադրություն  դարձնել»,-ասաց Միհրան Նազարեթյանը։ 

Հայերեն English