2 րոպեի ընթերցում
Էստոնիայի կողմից դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի հետ սահմանի նախատեսված փակումից առաջ Էստոնիայի նախագահ Յուլե Մադիսեն հանդես է եկել այն մասամբ բաց պահելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
«Կան շատ մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով պետք է հատեն սահմանը: Մարդկային կլինի պահպանել այդ հնարավորությունը նրանց համար, քանի որ նրանք ունեն մյուս կողմում ապրող ամուսին կամ երեխա, որը չի կարող տեղափոխվել Էստոնիա», - ասել է Մադիսեն Նարվա այցելության ժամանակ։
Նրա խոսքով՝ «մեր մարդիկ» ապրում են Էստոնիայի արևելյան հատվածում, և երկիրը շահագրգռված չէ, որ «լավ, պարկեշտ մարդիկ, որոնք այստեղ են ապրում, մեկնեն մյուս կողմ» սահմանի փակման պատճառով։ Նախագահը կոչ է արել կանխել բնակչության արտահոսքը սահմանամերձ շրջաններից։
«Մասամբ բաց սահմանն անհրաժեշտ է նաև երրորդ երկրների դիվանագետներին և քաղաքացիներին, ինչպես նաև Էստոնիայի պետական շահերի դեմ գործած Ռուսաստանի այն քաղաքացիների արտաքսման համար, որոնք ունեն էստոնական կացության իրավունք», - նշել է Մադիսեն։
Էստոնիան պլանավորում է դեկտեմբերի 1-ից ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Որոշումն ընդունվել է անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանի հրկիզման փորձից հետո, որի համար Էստոնիայի իշխանությունները մեղադրել են ռուսական հետախուզական ծառայություններին։