Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը
2 րոպեի ընթերցում
Հյուսիսային Կորեան ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման շուրջ դիվանագիտական վեճից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Kyiv Independent պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հետախուզությանը:
Գերատեսչությունը հայտնել է, որ լարվածությունը սկսել է աճել հոկտեմբերին, երբ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ըստ տեղեկությունների, առաջարկել է օգնել մեղմել Սեուլի և Փհենյանի միջև լարվածությունը: Ի պատասխան դրա՝ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուեյը հոկտեմբերի վերջին հայտարարել է, որ Ռուդենկոյի խոսքերը հակասում են երկու երկրների դաշինքին, և պահանջել է պարզաբանել Մոսկվայի քաղաքականությունը Հարավային Կորեայի նկատմամբ:
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը նաև տեղեկացրել է, որ Չոեն այնուհետև հայտարարել է Մոսկվային ցուցաբերվող ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցման մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական հրամանով։ Ըստ ուկրաինական հետախուզության՝ այդ միջոցառումները ներառում են ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների մուտքի արգելք Հյուսիսային Կորեայի օդային տարածք, ինչպես նաև KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային արկերի մատակարարումների դադարեցում։
Ըստ հետախուզության՝ Հյուսիսային Կորեան նաև ձգձգում էր Մոսկվայի խնդրանքի կատարումը, որով առաջարկվում էր Ռուսաստանում գտնվող հյուսիսկորեական զորակազմի թվաքանակը 8500-ից հասցնել 50 000 զինվորի։