Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. Moldpres
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում միակ պետությունն է, որը սպառնալիք է ներկայացնում Մոլդովայի Հանրապետության անվտանգության համար, և իշխանությունները պետք է պատրաստ լինեն նրանից բխող ցանկացած սադրանքի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն՝ մեկնաբանելով Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը, որում զգուշացվում էր հնարավոր հակառուսական սադրանքի մասին։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը ռուսական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ, սակայն առաջ է քաշել երկու հնարավոր պարզաբանում։ Ըստ նրա՝ կա՛մ Ռուսաստանը փորձում է արդարացնել հնարավոր գործողությունը, կա՛մ էլ հաղորդագրությունը նպատակ ունի որոշակի համատեքստ ստեղծել սպասվող իրադարձությունների շուրջ։
«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Երկու միտք է գալիս։ Նախ՝ Եվրոպայի այս հատվածում միակ պետությունը, որը սադրանքներ է իրականացնում, Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց նրանք են կանգնած սադրանքների, հարձակումների, միջամտությունների, ներխուժումների և այլնի հետևում։ Եվ երկրորդ՝ գուցե նրանք ինչ-որ բան են արել կամ մտածում են ինչ-որ բան անել», - ասել է Իգոր Գրոսուն։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունները զգոնության առիթ են տալիս՝ Գրոսուն նշել է, որ իշխանություններն արդեն սովոր են ապրել սադրանքների հնարավորության պայմաններում և պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի։
Նա նաև անդրադարձել է Ազգային անվտանգության ռազմավարությանը, որում առանձնացվում է Մոլդովայի համար երկու հիմնական սպառնալիք։ Նա որպես ներքին սպառնալիք նշել է կոռուպցիան, իսկ որպես արտաքին՝ Ռուսաստանը։
Այս հայտարարություններին նախորդել էր Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան հրապարակած հաղորդագրությունը, որում նշվել էր, որ տեղեկություններ են ստացվել առաջիկա օրերին ենթադրաբար նախապատրաստվող «հակառուսական սադրանքի» մասին, որը նպատակ ունի վնասելու երկու պետությունների միջև հարաբերությունները։ Դիվանագիտական ներկայացուցչությունը ենթադրյալ միջադեպի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Մոլդովայի կառավարության խոսնակ Դումիտրու Չիորիչին հայտնել է, որ Ռուսաստանը դիմում է նոր տեղեկատվական դիվերսիաների՝ շեղելու ուշադրությունը անօդաչու թռչող սարքերի կողմից Մոլդովայի օդային տարածքի՝ հաճախակի դարձող խախտումներից։