2 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի իշխանությունները, այլ երկրների ապրանքների նկատմամբ հովանավորչական մաքսատուրքեր սահմանելով, երկարաժամկետ համակարգային ռիսկեր են ստեղծում համաշխարհային տնտեսության զարգացման համար և ստիպում Չինաստանին վճռական հակաքայլեր ձեռնարկել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յադունը։
«Չինաստանը պնդում է, որ ամերիկյան կողմը շտկի իր սխալ միջոցները և վերադառնա երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով խնդիրների լուծման ճիշտ ուղուն», - հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգտոնի՝ 14 տնտեսությունների արտադրանքի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրերը։
«Չինաստանը ուշադիր կհետևի իրադարձությունների զարգացմանը և իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ վճռականորեն պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը», - ընդգծել է նա։
Հե Յադունը նշել է, որ «առանձին երկրներ» «ավելցուկային արտադրության» պատրվակով հովանավորչական քաղաքականություն են վարում՝ «քաղաքականացնելով շուկայական բնական մրցակցության հարցերը» և «ոլորտային զարգացումն օգտագործելով որպես ազդեցության գործիք»։ «Սա ոչ միայն չի նպաստում նրանց սեփական կառուցվածքային հակասությունների հաղթահարմանը, այլև խաթարում է գլոբալ արդյունաբերական անվտանգությունը, կայունությունն ու համագործակցությունը, բարձրացնում գլոբալ գնաճի մակարդակը, անմիջական վնաս հասցնում ձեռնարկությունների և սպառողների շահերին ու երկարաժամկետ համակարգային ռիսկեր ստեղծում համաշխարհային տնտեսական աճի համար», – ամփոփել է նա։