Կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրին
4 րոպեի ընթերցում
Կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք համաձայնագրին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը լիազորվել է Հայաստանի կառավարության անունից ստորագրել այն ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք.» ընկերության հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։ Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Փոխնախարարի խոսքով՝ բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք ընկերության կառավարման սկզբունքները, կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության ու կոնցեսիաների տրամադրման հիմնական մեխանիզմները։
«Ինչպես արդեն ամրագրված է շրջանակային համաձայնագրով, ընկերությունը հիմնադրվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ DFC-ի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու հինգ անդամից, որոնցից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը»,– ներկայացրել է Ղալեչյանը։
Նա ընդգծել է, որ համաձայնագրով նախատեսվում են ռազմավարական նշանակության որոշումների ընդունման համար հայկական կողմի պարտադիր համաձայնությունն ապահովող մեխանիզմներ։
«Այս առումով հատկապես կարևոր է համաձայնագրի այսպես կոչված վերապահված հարցերի ինստիտուտը։ Համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը և ծրագրերին երրորդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանումը, ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության առանցքային որոշումները, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը և գնումների քաղաքականությունը»,– ասել է փոխնախարարը։
Ղալեչյանը նաև շեշտել է կոնցեսիոն իրավունքների տրամադրման հարցում Հայաստանի կառավարության բացառիկ իրավասությունը։
«Այստեղ կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,- նշել է նա։
Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը նախատեսված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով։ Ամերիկյան բաժնետերը Դելավեր նահանգում հիմնադրված և DFC-ին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։
Բաժնետիրական համաձայնագիրը կարգավորելու է բաժնետերերի իրավունքների իրականացման առանձնահատկություններն ու փոխհարաբերությունները։