4 րոպեի ընթերցում
ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ կրոնի և դավանանքի ազատությունը պետք է պաշտպանված լինի բոլոր խմբերի համար՝ քաղաքական դերակատարներին կոչ անելով զգայուն մոտեցում ցուցաբերել կրոնական կազմակերպություններին առնչվող հարցերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանասյանն այս մասին ասել է նոյեմբերի 25-ին՝ իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում։
Հարցը բարձրացվել է Հայ առաքելական եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ պատգամավոր Էդգար Ղազարյանի պնդումների առնչությամբ։ ՄԻՊ-ը պատասխանել է, որ կրոնական կազմակերպությունների թիրախավորման խնդիրը պետք է դիտարկել բոլոր խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։
«Բոլոր կրոնական կազմակերպությունները և ցանկացած պարագայում անձի դավանանքի ազատության իրավունքը, կրոնի ազատության իրավունքը պետք է մշտապես պաշտպանված լինեն բոլոր խմբերի տեսանկյունից։ Այո՛, Հայաստանում մշտապես առկա են եղել և հիմա էլ շարունակում են առկա լինել բազում խնդիրներ տարբեր կրոնական կազմակերպությունների՝ ոչ միայն ձեր նշած կրոնական կազմակերպության, այլ նաև տարբեր այլ կրոնական կազմակերպությունների թիրախավորելու առումով։ Սա լրջագույն խնդիր է Հայաստանի համար։ Նորից եմ կրկնում, հրապարակային եմ ասում որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ սրան ես բազմիցս անդրադարձել եմ հրապարակային՝ թե՛ ձեր նշած խնդրի համատեքստում, թե՛ նաև այլ խնդիրների համատեքստում։ Նաև մեր տարեկան հաղորդումից կարող եք ծանոթանալ։ Կոչ եմ անում բոլորին՝ անկախ նրանից՝ քաղաքական ուժեր են, թե քաղաքական դերակատարներ, այս հարցերին շատ զգայուն ուշադրություն դարձնել»,- ընդգծել է Մանասյանը։
Նույն հարցին անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։ Նա նշել է, որ կրոնը ներառված է նախագծով նախատեսված պաշտպանվող հատկանիշների ցանկում, սակայն կոնկրետ իրավիճակը գնահատելիս անհրաժեշտ է պարզել՝ արդյոք առկա են խտրականության իրավական հատկանիշները։
Կարապետյանը ներկայացրել է ուղղակի խտրականության առաջարկվող սահմանումը՝ որպես պաշտպանվող հատկանիշի հիմքով դրսևորված գործողություն, անգործություն, կարգավորում, վերաբերմունք կամ քաղաքականություն, որի հետևանքով անձը կամ անձանց խումբը համադրելի իրավիճակում գտնվող մյուսների համեմատ հայտնվում է նվազ բարենպաստ վիճակում։
«Այս դեպքում և այս հանգամանքով պայմանավորված՝ ձեր կողմից մատնանշված դեպքում ես անձամբ խտրականության դեպքեր չեմ տեսնում։ Եթե կլինեն այլ հանգամանքներ, որոնք կարծում եք, որ կարող են դիտարկվել մեր խտրականության հասկացության մյուս դեպքերում, որոնցից են անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, սեգրեգացիան և այլն, ցանկացած դեպքում, եթե գտնեք, որ իրավունքները փաստացի ոտնահարվել են, կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասել է փոխնախարարը։
Քննարկվող օրենսդրական փաթեթը նախատեսում է խտրականությունից պաշտպանության միասնական մեխանիզմներ։ Քննարկման ընթացքում ՄԻՊ-ը կրոնական խմբերի թիրախավորման խնդրի վերաբերյալ իր գնահատականը ներկայացրել է առանձին՝ շեշտելով բոլորի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։