3 րոպեի ընթերցում
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հունգարիան իր նախկին առաջնորդ Վիկտոր Օրբանի օրոք ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության ձգտումների գլխավոր խոչընդոտն էր։ Սակայն ապրիլին կայացած ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելուց և իշխանության գալուց հետո Պետեր Մադյարը նոր հիմքերի վրա է դրել Կիևի հետ երկկողմ հարաբերությունները։
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած այցը դիտարկվում էր որպես առանցքային Կիևի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացն արագացնելու և Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ տնտեսական կապերն ամրապնդելու ձգտումների տեսանկյունից։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մադյարը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է շարունակել մարդասիրական օգնությունն Ուկրաինային, սակայն ռազմական օգնության մասին խոսք չի եղել:
«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել՝ հենց այնպես, ինչպես արել ենք մինչև այժմ՝ տրամադրելով, օրինակ, բժշկական պարագաներ, էներգետիկ սարքավորումներ, ամենից առաջ՝ Անդրկարպատյան մարզի համար, կամ նույնիսկ շարժական մոդուլներ, որոնք կարող են ծառայել որպես պատսպարաններ», - Մադյարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք գործողությունների ազատություն Եվրոպական միության ներսում, որը մեզ թույլ տա օգնություն ցույց տալ այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում, այնպես, ինչպես տեղին ենք համարում», - հավելել է Մադյարը։
Նա նաև նշել է, որ հաշվի առնելով երկրի ծանր վիճակը և բյուջեի դեֆիցիտը, Հունգարիան չի մասնակցի Եվրամիության կողմից Ուկրաինայի համար նախատեսվող 45 միլիարդ եվրոյի նոր վարկին։
Ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից և վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Մադյարը մտադրություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հունգարիայի և Ուկրաինայի միջև, որոնք զգալիորեն վատթարացել էին Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության օրոք։
Երկու երկրների միջև տարաձայնությունները վերաբերում էին ռուս-ուկրաինական հակամարտությանը, Ռուսաստանի նկատմամբ մոտեցումներին և Անդրկարպատյան մարզում էթնիկ հունգարացիների իրավունքներին։ Հունիսին Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են վերականգնել անդրկարպատյան հունգարացիների իրավունքները, իսկ Հունգարիայի նոր կառավարությունը հետ է վերցրել իր առարկությունները՝ կապված Եվրոպական միությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հետ։