Հայերի գենետիկական առանձնահատկություններն ու ժառանգական հիվանդությունների ռիսկերը․ զրույց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի հետ
8 րոպեի ընթերցում
Գենետիկան վաղուց արդեն դուրս է եկել զուտ գիտական ուսումնասիրությունների շրջանակից՝ դառնալով ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկը։ Գենետիկական հետազոտությունները հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտելու մի շարք հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը, այլև գնահատելու դրանց զարգացման ռիսկերը, վաղ փուլում հայտնաբերելու հնարավոր խնդիրները և ընտրելու բուժման առավել արդյունավետ՝ անհատականացված մոտեցումներ։
Դրանց նշանակությունն առանձնահատուկ է նաև վերարտադրողական առողջության, ժառանգական հիվանդությունների կանխարգելման և առողջ սերնդի ձևավորման տեսանկյունից։
Հայաստանի համար այս ոլորտն ունի նաև առանձնահատուկ գիտական և գործնական նշանակություն՝ հաշվի առնելով մեր բնակչության գենետիկական առանձնահատկությունները և որոշ ժառանգական հիվանդությունների, այդ թվում՝ պարբերական հիվանդության տարածվածությունը։
Հայերի գենետիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունը կարող է ոչ միայն օգնել ավելի լավ հասկանալու նման հիվանդությունների տարածվածության պատճառները, այլև հիմք դառնալ դրանց կանխարգելմանն ուղղված առողջապահական ռազմավարությունների մշակման համար։
Իսկ որքանո՞վ են գենետիկական հետազոտությունները զարգացած Հայաստանում, ի՞նչ հնարավորություններ են դրանք ստեղծում ժամանակակից բժշկության համար, որքանո՞վ է հնարավոր կանխատեսել ժառանգական հիվանդությունների ռիսկերը, և արդյոք գոյություն ունի՞ «հայի գեն» հասկացությունը։
«Արմենպրես»-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ Արսեն Առաքելյանի հետ։
- Բժշկության ոլորտում ներկայում ի՞նչ դեր և նշանակություն ունեն գենետիկական հետազոտությունները։
- Կենսաբժշկության և բժշկության մեջ ժամանակակից միտումներն ուղղված են դեպի անձնավորված և ճշգրիտ բժշկություն: Այսինքն, ելնելով տվյալ մարդու վերաբերյալ գենետիկական տեղեկատվությունից կամ գենետիկական ֆոնից՝ ընտրվում են բուժման ամենից արդյունավետ եղանակները: Բացի դրանից, գենետիկական հետազոտությունները թույլ են տալիս կառավարելի դարձնել գենետիկական հիվանդությունների զարգացման ռիսկերը: Օրինակ, կոնկրետ զույգի պարագայում հնարավոր է նախապես կանխատեսել, հաշվարկել և համապատասխան ռազմավարության կիրառմամբ նվազագույնի հասցնել նրանց ապագա երեխաների մոտ գենետիկորեն փոխանցվող հիվանդությունների առաջացման ու զարգացման հնարավոր ռիսկերը: Այսինքն, նշված տեխնոլոգիան ուղղակիորեն նպաստում է առողջ սերունդ ունենալուն:
Բացի այդ, գենետիկական հետազոտություններն առողջապահական համակարգին թույլ են տալիս ավելի ճիշտ պլանավորել բյուջեով նախատեսված ռեսուրսների օգտագործումը:
- Հայաստանում ի՞նչ տարածում ունի այս տեխնոլոգիան, և կատարվո՞ւմ են արդյոք համապատասխան ուսումնասիրություններ:
- Վերարտադրողականության գենետիկայի ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները հիմնականում ունեն կլինիկական նշանակություն և իրականացվում են միջազգային ընդունված ուղեցույցներին համապատասխան։ Այս պահին մեր հետազոտություններն ավելի գիտական բնույթի են՝ ընդհանուր առմամբ ուղղված են հայերի գենետիկական փոփոխականության նկարագրմանը, պարզելու, թե ի՞նչ հիվանդությունների գենետիկական ռիսկեր կան և դրանք ինչպես են բաշխված մեր պոպուլյացիայում: Այդ տեղեկատվությունը կարող է, օրինակ, առողջապահության ռազմավարության մշակման հիմք դառնալ:
- Ուսումնասիրություններն առնչվում են նաև, այսպես կոչված, պարբերական հիվանդությա՞նը: Այն իսկապե՞ս տարածված է միայն մի քանի ազգերի, այդ թվում՝ հայերի շրջանում:
- Սա համարվում է հազվադեպ ժառանգական հիվանդություն, որը բավականաչափ մեծ տարածում ունի հատկապես հայերի, հրեաների, հույների, թուրքերի և արաբների շրջանում: Դա, ըստ հիպոթեզի, որոշ չափով պայմանավորված է մարդու էվոլյուցիայի ընթացքում մուտացիաների պաշտպանիչ դերով՝ տարբեր բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:
Այսօր Հայաստանում պարբերական հիվանդության տարածվածությունը բավականին բարձր է: Այն, հավանաբար, մեր երկրում ամենատարածված ժառանգական հիվանդությունն է: Հետազոտությունների համաձայն՝ մոտավորապես 20-30 մարդուց 1-ը կրում է այդ մուտացիան, իսկ 1000 մարդկանցից 1-ը տառապում է այս հիվանդությամբ:
Մեր հետազոտությունները նաև ուղղված են այս հիվանդության մուտացիաների հայտնաբերմանը և դրանց տարածման հաճախության պարզմանը: Այս տեղեկատվությունը նաև օգտագործում ենք համակարգչային մոդելավորման համար՝ փորձելով պարզել հիվանդության տարածվածությունն ըստ տարիների, ինչպես նաև որոշել, թե ինչպիսի միջամտություններով կարող ենք նվազեցնել հիվանդության տարածվածությունը նոր սերնդի շրջանում:
- Գենետիկան ի՞նչ դեր ունի անպտղության բուժման հարցում:
- Այդ դերը նշանակալի է: Կան հայտնի որոշ ժառանգական մուտացիաներ, որոնք առնչվում են անպտղությանը: Դրանց ուսումնասիրությունը զույգին կարող է թույլ տալ շատ ավելի արագ հասկանալ խնդրի պատճառը և ընտրել բուժման ճիշտ տարբերակներ:
- Դեռևս չկա՞ գենետիկայի միջամտությամբ բուժման հնարավորություն:
- Այս պահին դրա հնարավորությունը խիստ սահմանափակ է. այն իրականացվում է միայն բետալասենիայի և մանգաղաձև անեմիայի համար, որոնց պարագայում բուժումն ընթանում է մուտացիայի ենթարկված գենի փոփոխության միջոցով: Գենետիկական այլ հիվանդություններն, այդ թվում՝ պարբերական, այս պահին բուժում չունեն՝ իրականացվում են միայն ախտանիշների մեղմացման համար նախատեսված միջամտություններ։
- Շատ ենք սիրում հպարտանալ մեր գեներով: Ազգերը գենետիկորեն տարբերվո՞ւմ են միմյանցից:
- «Հայի գեն» հասկացություն կենսաբանորեն գոյություն չունի. գեղարվեստական ձևակերպմամբ դա, գուցե, լավ է հնչում: Մենք ուսումնասիրում ենք հայկական գենոմը, այսինքն՝ մեր գեներում նկատվող գենետիկական տարբեր տարբերակների հաճախության տարբերությունը՝ այլ ազգերի մոտ նույն պատկերի համեմատությամբ:
Նույն պարբերական հիվանդության պարագայում հայերի մոտ գենետիկ տարբերակների հաճախությունն ավելի բարձր է, քան մյուս ազգերի մոտ: Բայց, դա չի նշանակում, որ մենք ունենք ինչ-որ արտառոց գեն, որը չունեն այլազգիները: Հայերն առանձնանում են հանդիպող գենետիկական տարբերակների հաճախությամբ, բայց՝ ոչ գեների տեսակներով և քանակով։ Բոլոր մարդիկ պատկանում են նույն տեսակին՝ Homo sapiens, և բոլորն իրենց քրոմոսոմներում, իրենց գեներում ունեն նույն գեները։ Տարբերությունները վերաբերում են գեներում առկա տեղեկատվության որոշ հատվածին։