Հայաստանը հատուկ դեր ունի Ռումինիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ստորագրած երկրների շարքում. Նիկուշոր Դան
3 րոպեի ընթերցում

Ռումինիան ու Հայաստանը պատրաստակամ են հարաբերությունները խորացնելու, զարգացման նոր հնարավորություններ ձևավորելու հարցում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Բուխարեստից, այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ռումինիայի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման օրակարգում երկկողմ և բազմակողմ հարաբերությունները զարգացնելուն ուղղված մի շարք հարցեր են եղել։
«Հայաստանը և Ռումինիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է, որ մենք էլ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում: Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել։ Ուզում եմ ընդգծել Ռումինիայում հայկական համայնքի դերը: Այն էական կարևորություն ունի մեր պատմության, մեր երկրի սոցիալ֊ մշակութային կյանքում»,֊ ասել է Ռումինիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հետևողական քննարկում են ծավալել` հիմքում դնելով ինստիտուցիոնալ համագործակցությունը։
«Մենք նաև խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկու երկրների համար։ Քննարկման առանցքում եղել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունների սերտացման հարցը, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է։ Այս երկխոսության բոլոր փուլերում` Հայաստան֊ԵՄ երկխոսություն, վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում անվտանգային, ինստիտուցիոնալ, դիմակայունության և այլ ոլորտներում, մենք աջակցում ենք Հայաստանին։ Ինչպես գիտեք Ռումինիան նաև ներկայացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում։ Թույլ տվեք իմ աջակցությունը հայտնել և վերահաստատել, որ ցանկացած հարցում կարող եմ օգտակար լինել Հայաստանին»,-ասաց Ռումինիայի նախագահը։
Նախագահ Դանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նա ընդգծեց, որ Ռումինիան բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը` մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի շահերից։
Նախագահ Դանն ընդգծեց, որ իրենց համար շատ կարևոր է Կովկասի տարածաշրջանի հետ պատշաճ հարաբերություններ զարգացնելը, որպեսզի կարողանան խթանել տնտեսական համագործակցությունը հանուն երկու տարածաշրջանների քաղաքացիների բարեկեցության:
