ARPI կենտրոնը կնպաստի Հայաստանում ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ զարգացմանը. Դավիթ Թադևոսյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը
5 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) մասնակցել է ARCS-ai հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության կենտրոնի կողմից հիմնված Հայաստանի ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ազգային կենտրոնի (ARPI) պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Իր ելույթում նախարարը շնորհավորել է կազմակերպիչներին ու գործընկերներին այս նախաձեռնության կայացման առթիվ՝ ընդգծելով, որ ARPI-ի ստեղծումը կարևոր քայլ է Հայաստանում նորարարական միջավայրի ձևավորման, երիտասարդների կարողությունների զարգացման և ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին պատրաստ մասնագետների նոր սերունդ կրթելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱԱԲ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Թադևոսյանը նշել է՝ ապագան ձևավորվելու է ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև այն մարդկանցով, որոնք ունեն գիտելիք, ստեղծարարություն, վճռականություն և քաջություն՝ գաղափարներն իրականություն դարձնելու համար։
«Վստահ եմ, որ ապագա նորարարների, հետազոտողների և առաջնորդների մեծ մասն արդեն այստեղ է։ Համոզված եմ, որ այսօր այստեղ հավաքված տաղանդը, ստեղծարարությունն ու վճռականությունը հավակնոտ գաղափարները կվերածեն իրականության», - ասել է նախարարը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, NVIDIA-ի Ֆիզիկական արհեստական բանականության գծով փոխնախագահ Ռև Լիբարեդյանը, ինչպես նաև ARCS-ai նախաձեռնության խորհրդի նախագահ, Բրաուն համալսարանի պրոֆեսոր Նորա Այանյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Ֆիզիկական արհեստական բանականությունը Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի մասնակիցներն անդրադարձել են ոլորտի զարգացման հեռանկարներին, միջազգային համագործակցությանը և Հայաստանում մրցունակ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու հնարավորություններին։
Ելույթներով են հանդես եկել եվրոպական Agile Robots և ամերիկյան Field AI հայտնի ռոբոտաշինական ընկերությունների ներկայացուցիչները։
ARPI կենտրոնը հիմնադրվել է Advanced Research in Computational Sciences and Artificial Intelligence (ARCS.ai) կազմակերպության նախաձեռնությամբ։ Այն միավորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական և հետազոտական ռեսուրսները՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ ոլորտը Հայաստանում։ Ծրագիրը համատեղ մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ գիտնականների ընկերակցության (ASOF), ARCS-ai նախաձեռնության և Հայաստանի նորարարական հիմնադրամի (AIF) կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արհեստական բանականության նախարարության ինստիտուցիոնալ ներգրավվածությամբ և էական աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է տարեկան պատրաստել ոլորտում մասնագիտացած 50 ինժեներ։ Կրթական բաղադրիչի մեկնարկային տարում ծրագրում ընդգրկված է 30 ուսանող, իսկ ուսումնական գործընթացում ներգրավված է 14 դասախոս, որոնցից 8-ը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններից ու հետազոտական հաստատություններից։
ARPI կենտրոնի հիմնական հետազոտական հարթակը կլինի ստեղծվող ռոբոտաշինության նոր լաբորատորիան։ Այն կհամալրվի ժամանակակից ռոբոտային բազուկներով, շարժական ռոբոտներով, վիրտուալ իրականության սարքավորումներով և մեխանիկական արհեստանոցով։ Կստեղծվի նաև անօդաչու թռչող սարքերի փորձարկման հատուկ տարածք, որը հնարավորություն կտա բարձր ճշգրտությամբ հետևել դրանց շարժումներին։
Լաբորատորիայում կտեղադրվեն NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորներ, որոնք կօգտագործվեն արհեստական բանականության մոդելների ուսուցման և ռոբոտների աշխատանքի սիմուլյացիաների համար։
Բացի այդ, կենտրոնի ուսանողներն ու հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու Firebird AI նախաձեռնության հզոր հաշվարկային ենթակառուցվածքից։ Նախաձեռնության GPU կլաստերը Եվրոպայի հինգ խոշորագույններից մեկն է և հնարավորություն կտա իրականացնել մեծ հաշվարկային ռեսուրսներ պահանջող հետազոտություններ։