2 րոպեի ընթերցում
Երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման դաշնային սահմանափակումներից հետո Հարավային Ավստրալիայի նահանգի իշխանությունները որոշել են պետական դպրոցների տարրական դասարաններից հանել պլանշետներն ու նոութբուքերը, իսկ ավելի բարձր դասարանների աշակերտների համար շաբաթական մեկ օր փորձել առանց էկրանների ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականին նահանգի բոլոր պետական տարրական դպրոցներում և կընդգրկի նախապատրաստականից մինչև երկրորդ դասարան սովորող աշակերտներին։ Երրորդից վեցերորդ դասարանների աշակերտների համար շաբաթական մեկ օր առանց էկրանների ռեժիմը վեց ամիս շարունակ կկիրառվի 10 դպրոցում։ Միևնույն ժամանակ բացառություններ են նախատեսվել հաշմանդամություն կամ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար։
Սահմանափակումներ մտցնելու պատճառներից մեկը իշխանությունները նշել են ձեռքով գրելու հմտությունների բարելավումը։ Այսպես, երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների համար կներդրվի ձեռքով գրելու առանձին ծրագիր։ Իշխանությունները նաև աստիճանաբար կհրաժարվեն այն գործելակերպից, երբ աշակերտներն իրենց սեփական սարքերն են բերում դասերին։ Դրանք կփոխարինվեն դպրոցների կողմից տրամադրվող սարքերով և միացված կլինեն նահանգի կրթության նախարարության պաշտպանական համակարգին։
Ավստրալիայում երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման դաշնային սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2025 թ. դեկտեմբերի 10-ին։ Դրանց ներքո հայտնված հարթակները պարտավոր են ողջամիտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի 16-ից ցածր տարիքի օգտատերերը չկարողանան օգտահաշիվներ ստեղծել։