Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքի պատճառով

3 րոպեի ընթերցում

Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռ նոյեմբերի 24-ի վաղ առավոտյան կարճ ժամանակով մուտք է գործել Ճապոնական ծովի վրայով անցնող Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ), ապա լքել այն։ Ի պատասխան՝ Սեուլը կղզիներից մեկում տագնապի ազդանշան է հայտարարել և օդ է բարձրացրել իր կործանիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին։

Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հստակեցրել է, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել Հարավային Կորեայի օդային տարածքը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ներքին գործերի նախարարությունը բջջային հեռախոսներին ուղարկված արտակարգ ծանուցման միջոցով։ Կոմիտեն նաև ուղղել է նահանգային իշխանությունների կողմից ավելի վաղ տարածված սխալ ծանուցումը, որում ինքնաթիռները ներկայացվել էին որպես ենթադրաբար Հյուսիսային Կորեային պատկանող օդանավեր։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ ռուսական ռազմական ինքնաթիռները վաղ առավոտյան մուտք են գործել, այսպես կոչված, KADIZ գոտի, մոտեցել Ուլլնդո կղզուն, ապա դուրս եկել այդ գոտուց։

«Մենք ռուսական ինքնաթիռների՝ KADIZ մուտք գործելուց առաջ հայտնաբերել էինք դրանց տեղաշարժը և օդ ենք բարձրացրել կործանիչներ՝ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում մարտավարական գործողություններ իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է օրվա ընթացքում Սեուլում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետներից մեկին հրավիրել գերատեսչություն՝ պաշտոնական բողոք ներկայացնելու համար, հայտարարել է ՊՆ խոսնակը։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կործանիչները շատ մոտ են թռել Հարավային Կորեայի օդային տարածքին, սակայն երկրի զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո հեռացել են դեպի Ճապոնական ծով։

Նշվում է, որ բնակչության շրջանում շփոթություն է առաջացել, երբ Ներքին գործերի նախարարությունը օդային տագնապի ազդանշան է ուղարկել՝ հորդորելով մարդկանց տարհանվել ստորգետնյա ապաստարաններ՝ ռուսական ինքնաթիռների՝ Հարավային Կորեայի օդային տարածք ներխուժելու մասին հաղորդագրության ֆոնին։

Ռուսական ինքնաթիռների՝ տարածքից դուրս գալուց երեք րոպե անց իշխանությունները չեղարկել են տագնապի ազդանշանը։

Հյուսիսային Գյոնգսանգի նահանգի տեղական իշխանությունները, որոնց իրավասության տակ է գտնվում Ուլլնդո կղզին, ավելի ուշ առանձին հաղորդագրություն են ուղարկել բնակիչներին՝ տեղեկացնելով տագնապի չեղարկման մասին, սակայն սխալմամբ ռուսական կործանիչները ներկայացրել են որպես ենթադրաբար Հյուսիսային Կորեային պատկանող ինքնաթիռներ։ Հյուսիսային Գյոնգսանգի իշխանությունները մոտ 40 րոպե անց ուղղում են տարածել։

Հայերեն Русский

Սենատում դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ կհասնի Nvidia-ի գործադիր տնօրեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

Չեմպիոնների լիգա. մեկնարկում են 5-րդ տուրի խաղերը

Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքի պատճառով

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահը՝ իր ղեկավարած կառույցի ապագա պլանների մասին

Քաղաքական սատիրա՝ Հրազդանի կամերային թատրոնում. հանդիսատեսին կներկայացվի «Շատ ուրիշ հեքիաթ» բեմադրությունը

Թրամփը հայտարարել է, որ ինքն է համոզել Nvidia-ին՝ Հուանգին վերանշանակել գործադիր տնօրենի պաշտոնում

Եվրոպական ինդեքսները նվազել են - 23/11/26