3 րոպեի ընթերցում
Ութ տարի ճանապարհորդությունից հետո եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտույտն Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակի՝ Մերկուրիի շուրջը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Մերկուրին, որը մի փոքր մեծ է Լուսնից, Արեգակնային համակարգի ներքին չորս մոլորակներից ամենաքիչ ուսումնասիրվածն է։ BepiColombo-ն երրորդ տիեզերական սարքն է, որն այցելում է այդ մոլորակ, և երկրորդը, որը սկսել է պտտվել նրա շուրջը։
Առաքելությունն իրականացվում է Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) համատեղ ջանքերով։
ESA-ն շաբաթ օրը հաստատել էր, որ BepiColombo-ն սկսել է պտտվել Մերկուրիի շուրջը։ Նոյեմբերի 22-ին սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուղեծիր դուրս գալու մանևրը հաջողությամբ է իրականացվել, թեև ծրագրային ապահովման հետ կապված խնդրի պատճառով շարժիչների աշխատանքը նախատեսվածից կարճ է տևել։ «Տիեզերական ապարատին վտանգ չի սպառնում, իսկ ESOC-ի (Եվրոպական տիեզերական գործառնությունների կենտրոն) մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառը», - հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
2018 թվականին արձակված ապարատը բաղկացած է ESA-ի մշակած մոլորակային ուղեծրային սարքից ու JAXA-ի ստեղծած մագնիսոլորտի հետազոտման սարքից։ Դրանք ունեն տարբեր գիտական նպատակներ և նախատեսվում է, որ իրարից կառանձնանան դեկտեմբերի 9-ին և 10-ին։ Գիտական հետազոտությունների կանոնավոր փուլը նախատեսվում է սկսել ապրիլին։
Առաքելության նպատակն է պատասխանել Մերկուրիի վերաբերյալ մի շարք հարցերի, այդ թվում՝ պարզել, թե ինչու է մոլորակն օժտված մագնիսական դաշտով, ինչպես է սաստիկ տաքացող մոլորակի բևեռային խառնարաններում սառույց գոյացել, և ինչ բնույթ ունեն նրա մակերևույթի խոռոչանման գոյացությունները։ Մերկուրիի մակերևույթը նման է Լուսնին․ այն պատված է բազմաթիվ հարվածային խառնարաններով։ Մոլորակի վրա կան նաև հարթ տարածքներ ու ժայռային զառիթափեր, որոնց բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 1.6 կիլոմետրի։
Արեգակ-Մերկուրի հեռավորությունը կազմում է Արեգակ-Երկիր հեռավորության 40 տոկոսը։ Այդ պատճառով մոլորակի մակերևույթից Արեգակը երևում է ավելի քան երեք անգամ մեծ և յոթ անգամ ավելի պայծառ, քան Երկրից։
Մերկուրիի տրամագիծը 4880 կիլոմետր է՝ Երկրի տրամագծի 40 տոկոսից էլ պակաս։