2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոյեմբերի 20-22-ին անցկացվել է բռնցքամարտի հանրապետական առաջնություն՝ նվիրված Մարտունիի մարզադպրոցի հիմնադրման 61-ամյակին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, առաջնությանը մասնակցել է շուրջ 450 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից։ Ռինգ են դուրս եկել Մարտունի խոշորացված համայնքի, Երևանի Շահինյանի անվան բռնցքամարտի դպրոցի, Շենգավիթի, Վանաձորի, Հրազդանի, Աշտարակի, Արտաշատի, Սևանի, Իջևանի, Ալավերդու, Եղեգնաձորի, Սիսիանի, Քաջարանի, Նորատուսի, Լճաշենի, Լեռնագոգի, Դալարիկի, Շնողի, Քարագլխի, Աղավնաձորի և մի շարք այլ համայնքների թիմերը։
Թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Մարտունիի մարզադպրոցը, երկրորդ տեղը՝ Վանաձորի մարզադպրոցը, երրորդ տեղը՝ Երևանի Շահինյանի անվան բռնցքամարտի դպրոցը։ Հաղթողները մրցաշարի կազմակերպիչ հանդիսացող Մարտունիի մարզադպրոցի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։
«Բացի այն, որ մեր պատանի բռնցքամարտիկներն այս մրցաշարի շնորհիվ որոշակի փորձ ձեռք բերեցին, այն նաև առաջին ստուգատեսն էր շատ բռնցքամարտիկների համար, ովքեր առաջին անգամ էին իրենց ուժերը փորձում ռինգում»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։