Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ
13 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առնչությամբ։
«Արմենպրես»-ը ներկայացնում է վարչապետի ուղերձն ամբողջությամբ.
«Ուշադրություն մեջբերում եմ. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ՝ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերություների հիմնական սկզբունքների մասին»։ Մեջբերման ավարտ։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մեջբերումը Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության առաջին նախագծից էր, որը Արդարադատության նախարարությունը իմ հանձնարարությամբ հրապարակել է այսօր՝ հատուկ ստեղծված կայքում։
Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։
Նոր Սահմանադրության նախագիծը պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։
Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձեր պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում։
Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։
Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է Սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ՝ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ Սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել։ Հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։
Հենց հիմա մի փորձարարություն անենք, արդյոք դու, այո, դու, հարգելի՛ քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող Սահմանադրությունը դու քոնն ես համարում։ Ակնհայտորեն ոչ։ Ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից, երբ քաղաքացին Սահմանադրությունը իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգը իրենը չի համարում և, ի վերջո, պետությունը իրենը չի համարում։
Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և, այսպիսով, պետությունը լիարժեք և ամբողջական քոնը լինի։
Իմ կամ որևէ մեկի Սահմանադրությունը չի սա, սա քո Սահմանադրությունն է, որն ասում է՝ մեջբերում. «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է» Մեջբերման ավարտ։
Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է՝ մեջբերում. «ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։ Մեջբերման ավարտ։
Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում Չորրորդ Հանրապետություն։
Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ Հանրապետությունը Երրորդ Հանրապետությունից. հակամարտության բացակայությամբ, սիրելի՛ հայրենակիցներ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։ Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով։ Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել։ Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, դոդի Գագոներ, կալուգացի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ «Մեծ Հայաստանի» մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել։
Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ՝ չգիտեմ, թե վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատը ունեցող Կառավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։
Այս Սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։
2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Սահմանադրության նոր նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է, և սա, այո, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից։ Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար, մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը։
Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։
Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։ Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։
Սա, ըստ էության, նոր վիճակ է մեր ժողովրդի համար, որովհետև մենք սովորաբար ունեցել ենք կամ խաղաղություն, կամ պետություն։
Խորհրդային Միության փլուզման շեմին, թերևս, հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։ Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել։ Եվ այո, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին, բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր, ձեր տառապանքների և զրկանքների գնով եկել հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն, և՛ խաղաղություն և՛ անկախություն ունենալու հնարավորություն։
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել, հենց սրա հետ է նրանց խնդիրը, հենց սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես, ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։ Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։
Քանի որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները 6-ով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում, ձեր բոլորի աչքի առաջ՝ պատասխանատու կերպով։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։ Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով։ Առաջարկիս շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար հետևյալն է. եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե ժողովուրդը կողմ քվեարկի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Իսկ մինչև հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածում՝ որպես վարչապետ, կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ՝ տեղի կունենա։ Այսպիսով Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, և՛ պետություն, և՛ բարեկեցություն, և՛ ազատություն, և՛ ժողովրդավարություն։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ահա մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել Հայաստանի Հանրապետության տիրոջը, այսինքն՝ ժողովրդին»։