Երևանը տեխնոլոգիական ապագայի խաչմերուկում․ Digitec 2026-ը միավորել է ոլորտի առաջատարներին
10 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է «Digitec 2026» տեխնոլոգիական համաժողովը, որի կազմակերպիչն է Առաջադեմ տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, իսկ հիմնական թեման արհեստական բանականությունն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Արմեն Քոչարյանն իր ելույթում նշեց, որ անցյալ տարի նույն բեմում նշելով Digitec-ի 20-ամյակը՝ իրենք խոստացան ոչ թե պարզապես հիանալ անցած երկու տասնամյակով, այլ արագացնել զարգացման ընթացքը։
«Այսօր մենք համախմբվում ենք մեկ համարձակ նպատակի շուրջ՝ դառնալ արհեստական բանականության համաշխարհային նոր կենտրոն։ Մենք այստեղ ենք՝ միասին զարգացնելու արհեստական բանականության բոլոր հինգ շերտերը՝ իրական ժամանակում կապակցելով մարդկանց, տեխնոլոգիաները, կապիտալն ու շուկաները։ Սա նշանակում է ստեղծել կենդանի հարթակ՝ մի վայր, որտեղ Եվրոպայից մինչև Պարսից Ծոցի երկրներ, Կենտրոնական Ասիայից մինչև Հյուսիսային Ամերիկա կառավարությունները, ներդրողները և ձեռնարկությունները համախմբվում են՝ կառուցելու, ներդրումներ կատարելու և գործունեության շրջանակներն ընդլայնելու նպատակով։ Առաջիկա երեք օրերի ընթացքում հազարավոր մարդիկ, այդ թվում՝ միջազգային հյուրեր, կանցնեն այս դռներով՝ լսելու մեր ասելիքը, տեսնելու մեր կառուցածը և ականատես լինելու, թե ուր է շարժվում ապագան»,- ասաց Քոչարյանը։
Նրա պնդմամբ՝ այդ ճանապարհին պետական համակարգն ու մասնավոր սեկտորը պետք է շարժվեն համընթաց՝ ապահովելով ավելի խելացի կարգավորում և վստահելի միջսահմանային գործընկերություններ։
«Հայաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում տեխնոլոգիապես իրազեկված հաջորդ սերնդի պատրաստման գործում։ «Արմաթ»-ի, ՀՀ կառավարության և ԱՄԷ-ի միջև մեր պետական-մասնավոր գործընկերության միջոցով կառուցել ենք ավելի քան 650 ինժեներական և ռոբոտաշինության ստեղծարարական տարածքներ երկրի յուրաքանչյուր մարզում։ Մենք երեխաներին անվճար հասանելիություն ենք տվել ինժեներական ռոբոտաշինությանը, արհեստական բանականությանը և ձեռներեցությանը։ Հաջորդ 12 ամիսների ընթացքում այս հարթակը պատկանում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ համագործակցությունը զարգացնել»,- նշեց Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը միշտ էլ գտնվել է ուշադրության կենտրոնում և այսօր վերածվում է տեխնոլոգիաների, կապիտալի, տաղանդների և գաղափարների համաշխարհային խաչմերուկի։
«Երբ նման տեմպով ընդլայնում ես հնարավորությունների սահմանները, առաջ են գալիս նոր նշակետեր։ Օգնեք մեզ բարձրացնել նշաձողն էլ ավելի վեր։ Արհեստական բանականության հաջորդ փուլը կկերտեն մարդիկ, որոնք ընտրում են միասին արարելու ուղին հենց այստեղ՝ Երևանում»,- ասաց ԱՏՁՄ նախագահը։
NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշեց, որ երրորդ տարին է, ինչ մասնակցում է համաժողովին և տարեցտարի տեսնում է ոլորտում արձանագրվող առաջընթացը։
«Եթե դիտարկենք տարածաշրջանն ամբողջությամբ, ապա շատ երկրներում տեխնոլոգիական ոլորտն այնքան էլ զարգացած չէ, համենայնդեպս, եթե համեմատենք այն վայրի հետ, որտեղից ես եմ գալիս, այսինքն՝ Սիլիկոնյան հովտի։ Սակայն մենք ունենք տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների անհամեմատ մեծ ներուժ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս՝ ի դեմս սփյուռքում բնակվող հայերի։ Կարծում եմ՝ մեր հարուստ պատմությունը նորարարության մեջ՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև կապող օղակ, Մետաքսի ճանապարհի միջոցով որպես ընդհանրական համակարգ, ստեղծել է այն պայմանները, որոնց շնորհիվ մենք կարող ենք ունենալ մեծ առաջընթաց։ Մեր դիրքն աշխարհում պետք է լինի այնպիսին, որ մենք ծառայենք էկոհամակարգի մնացած մասին, մեր հարևաններին և ամբողջ տարածաշրջանին»,- ասաց Լեբարեդյանը։
Նրա կարծիքով՝ Digitec-ի հիմնական առաքելությունը պետք է լինի ամբողջ տարածաշրջանը համախմբելը՝ ներգրավելով բոլոր հարևաններին, ինչպես նաև բոլոր ընկերներին ու գործընկերներին աշխարհի տարբեր ծայրերից։
«Այստեղ հավաքվելով և միավորվելով՝ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ հաջողությունների, քան կարող էինք՝ գործելով առանձին-առանձին։ Հարավային Կովկասում Հայաստանն ամենափոքր երկիրն է՝ ամենափոքր թվով բնակչությամբ, սակայն ջանքերը միավորելու դեպքում կարող ենք ավելի մասնագիտանալ արհեստական բանականության տեխնոլոգիական կառուցվածքի տարբեր բաղադրիչներում։ Ոչ մի երկիր, որքան էլ մեծ լինի, չի կարող միայնակ իրականացնել այդ ամենը։ Եթե կարողանանք որպես ամբողջություն բաշխել աշխատանքը, կիսվել միմյանց հետ և փոխկապակցվել, ապա կստեղծենք բարգավաճում ու խաղաղություն։ Մենք չենք կարող ունենալ երկիր, եթե չունենանք տնտեսություն»,- ասաց NVIDIA-ի փոխնախագահը։
Նա հայտնեց, որ այս տարի իրենց ընկերությունը որոշել է էապես ընդլայնել իր գործունեությունը և ուզում է ամբողջ ուժերով կենտրոնանալ արհեստական բանականության տեխնոլոգիական հենքի վրա, քանի որ ապագայի բոլոր տեխնոլոգիաներն, ըստ նրա, ակնհայտորեն կապված են արհեստական բանականության հետ։
«Եթե դիտարկենք հատկապես ԱԲ-ի ենթակառուցվածքները, ապա կտեսնենք, որ առաջիկա տարիներին դրանցում գլոբալ մասշտաբով ներդրվելու են տրիլիոններ։ Եթե այս տարածաշրջանին հաջողվի այդ հսկայական ծավալից թեկուզ մի փոքր մասնաբաժին ապահովել, դա անհամեմատ մեծ դեր կխաղա ընդհանուր բարեկեցության բարձրացման գործում։ Ուստի, չափազանց կարևոր է, որ մենք դա անենք հենց հիմա։ Եկե՛ք Հայաստան՝ դարձնելով այն ձեր երկրորդ տունը, ստեղծե՛ք ձեր տեխնոլոգիաները, փոխանակե՛ք գաղափարներ, ինչպես նաև կիսե՛ք ջերմությունն ու բարգավաճումը»,- իր ելույթը կոչով եզրափակեց Լեբարեդյանը։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշեց, որ Հայաստանում համաշխարհային մակարդակի արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը սկզբում չափազանց մեծ գաղափար էր թվում, բայց իրագործվեց հաջողությամբ։
«Այս տարվա օգոստոսի 8-ին մենք բացեցինք այն Հրազդանում։ Ընդամենը վեց ամիս առաջ այդ վայրը դատարկ շինհրապարակ էր։ Այսօր այն տարածաշրջանի ամենամեծ ԱԲ կենտրոնն է՝ կառուցված NVIDIA-ի և Dell-ի նման գործընկերների հետ համատեղ, որն արդեն իսկ ծառայություններ է մատուցում Perplexity-ի պես համաշխարհային հաճախորդներին։ Digitec-ը պարզապես ցուցահանդես կամ կոնֆերանս չէ։ Սա մի վայր է, որտեղ սկիզբ են առնում նման գաղափարներն ու իրական բիզնեսը։ Տասնամյակներ շարունակ մենք մեր հեղինակությունը կառուցել ենք տաղանդի վրա։ Հանրահայտ ճարտարագետները, գիտնականները, համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչները գալիս են այստեղ՝ շնորհիվ գործընկերության, և դա մնում է մեր ամենամեծ ուժը»,- ասաց Եսայանը։
Նրա դիտարկմամբ՝ արհեստական բանականության դարաշրջանում միայն տաղանդը բավարար չէ։ Մտավոր ներուժին անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, էներգիա, հաշվողական հզորություններ և, իհարկե, տվյալների կենտրոններ։ Եսայանը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի ավարտը Firebird-ը նախատեսում է Հայաստանում ընդլայնել ԱԲ-ի տվյալների կենտրոնների հզորությունը՝ հասցնելով այն 300 մեգավատից ավելիի։
«Երկրում իրականացվող այլ նախագծերի հետ մեկտեղ մենք նպատակ ունենք Հայաստանը դասել աշխարհի լավագույն 10 երկրների շարքին՝ ըստ արհեստական բանականության հաշվողական հզորությունների։ Հայաստանից մենք արդեն իսկ ընդլայնվում ենք դեպի այլ զարգացող շուկաներ։ Հայաստանը դառնում է ոչ միայն նպատակակետ, այլև գործընկեր և հուսալի կամուրջ Եվրոպայի, Պարսից Ծոցի երկրների, Կենտրոնական Ասիայի և Միացյալ Նահանգների միջև։ Դրանք հենց այն տարածաշրջաններն են, որոնք այսօր համախմբվել են Digitec-ում»,- ասաց Եսայանը
«Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծեց, որ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում կազմում է շուրջ 7 տոկոս։
«Հայաստանը փոքր երկիր է, չունի էներգակիրներ և ելք դեպի ծով, սակայն ունի բարձր ինտելեկտով օժտված մասնագետներ, որոնք աշխատում են տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ և ստեղծում են արժեքներ ոչ միայն իրենց, այլև միջազգային հանրության համար։ Հայաստանում առկա էկոհամակարգը տասը տարվա արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Այս համաժողովը լավ առիթ է՝ մտածելու հետագա տասնամյակի, ՏՏ ոլորտում Հայաստանի ապագա նվաճումների մասին»,- ասաց Մինասյանը։