Հայաստան

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ամփոփիչ փուլում է. դասընթացներն անցկացվում են Երևանում և Սյունիքի մարզում

3 րոպեի ընթերցում

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ամփոփիչ փուլում է. դասընթացներն անցկացվում են Երևանում և Սյունիքի մարզում

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026 թվականի ծրագիրն ամփոփում է այս տարվա իր դասընթացների շարքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս օրերին մասնագիտական դասընթացներն ընթանում են Երևանում և Սյունիքի մարզում՝ ուղղված երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների հմտությունների զարգացմանը։ Դասընթացները վարում են Ռուսաստանից ժամանած փորձառու մասնագետները՝ Մարիա Նովոսելցևան «Աստիճաններ» պարային համույթի ղեկավար (պարեր անվասայլակներով), «Աստիճաններ» հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային վերականգնման ներառական կենտրոն» կազմակերպության տնօրեն և Անդրեյ Բեսովը «Աստիճաններ» պարային համույթի կամավոր։

Ապրիլին Արարատի մարզից մեկնարկած այս նախաձեռնությունն արդեն իսկ հաջողությամբ իրականացվել է նաև Վայոց ձորի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում։ Ծրագիրը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն աճում է, ինչն էլ թելադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։

Նախաձեռնությունը լրացնում է հենց այդ բացը՝ մասնակիցներին փոխանցելով անհրաժեշտ տեսական գիտելիքներ և պրակտիկ լուծումներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։

Տեսական և գործնական դասընթացների իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունն են ունենում ինչպես հայաստանյան 6 առաջատար մասնագետներ, այնպես էլ 4 փորձառու փորձագետներ արտերկրից։ Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն է տալիս մանկավարժներին ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել անմիջապես գործնական աշխատանքում։

Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվում մասնագիտական քննարկումներին և «կլոր սեղանին», որտեղ շահառուները հնարավորություն ունեն առաջատար փորձագետների հետ քննարկել ոլորտի մարտահրավերները և ստանալ գործնական օգնություն։ Ծրագրի ամփոփմամբ շուրջ 20 ուսումնական հաստատությունների ավելի քան 200 մանկավարժներ ձեռք կբերեն ներառական դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում