Digitec-ը դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին խոսելու կարևոր հարթակ․ Դավիթ Թադևոսյան
5 րոպեի ընթերցում
Տարիների ընթացքում Digitec-ը դարձել է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումները ներկայացնելու, այլև Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին խոսելու կարևոր հարթակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը՝ ելույթ ունենալով «Digitec 2026» տեխնոլոգիական համաժողովում։
«Այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում կազմում է շուրջ 7 տոկոս։ Եթե հաշվի առնենք վերջին տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած տնտեսական աճը, ապա դա արդեն էական ցուցանիշ է, որով պետք է հպարտանալ։ Բայց արդյո՞ք դա է մեր երազանքների ու ցանկությունների սահմանը։ Իհարկե՝ ոչ։ Բարձր տեխնոլոգիաների իրական նշանակությունը Հայաստանի համար շատ ավելի մեծ է, քան տնտեսության մեկ առանձին ճյուղի զարգացումը։ Դրանք պետք է դառնան ամբողջ տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման շարժիչ ուժը»,-ասաց Թադևոսյանը։
Նա հավելեց, որ ՀՀ-ն վերջին տասնամյակների ընթացքում կարողացել է միջազգային շուկայում ձևավորել մրցունակ տեխնոլոգիական ոլորտ։
«Մեր մասնագետներն ապացուցել են, որ ի վիճակի են ստեղծել միջազգային շուկայում սպառում և հարգանք վայելող ծառայություններ ու պրոդուկտներ։ Արհեստական բանականությունն արագ փոխում է խաղի կանոնները և վերաձևակերպում, թե ինչ է նշանակում ստեղծել գիտելիք, տեխնոլոգիաներ ու արժեք։ Եվ հենց այստեղ է, որ մենք պետք է ձևակերպենք մեր հաջորդ հավակնությունը։ Ծրագրային ապահովման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում ունեցած հաջողությունները պետք է վերածենք սեփական գիտահետազոտական, ինժեներական և արտադրական կարողությունների»,-նշեց նախարարը։
Թադևոսյանի դիտարկմամբ՝ տվյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երեք կարևոր բաղադրիչ. առաջին՝ տաղանդ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, երկրորդ՝ ժամանակակից ենթակառուցվածքներ, և երրորդ՝ գիտության ու բիզնեսի արդյունավետ համագործակցություն։
«Այդ ուղղությամբ պետությունն արդեն իսկ ձեռնարկում է կարևոր քայլեր։ Մոտ երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ հաստատվեց ֆիզիկական արհեստական բանականության կրթական ծրագիրը, որը թույլ է տալիս մոտակա յոթ տարիների ընթացքում համաշխարհային տրամաչափի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում ձևավորել ֆիզիկական արհեստական բանականության կրթական խողովակաշար։ Երկրորդ շերտը ենթակառուցվածքների ամբողջությունն է։ Արդեն հպարտությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀ-ում գործում են տվյալների վերամշակման կենտրոններ և մոտ ապագայում դրանք ապահովելու են մեր երկրի մրցունակությունը համաշխարհային մակարդակում»,-ասաց ԲՏԱԱԲ նախարարը։
Դավիթ Թադևոսյանը նշեց, որ առանցքային մյուս բաղադրիչը՝ պետության և մասնավոր սեկտորի արդյունավետ համագործակցությունը, կարող էր բացակայել, եթե չլինեին Digitec-ի նման միջոցառումներն ու մեր բարձր տեխնոլոգիական էկոհամակարգը։
«Այս տարվա համաժողովի խորագիրն արտահայտում է հենց այդ հավակնությունը։ Մեզ համար արհեստական բանականության համաշխարհային կենտրոն դառնալը պետք է նշանակի ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքների ու միջազգային ընկերությունների ներկայություն, այլև սեփական գիտելիք, տեխնոլոգիաներ ու համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ստեղծելու կարողություն։ Վստահաբար մենք ունենք այդ ներուժը, ուստի մեր խնդիրն է ստեղծել համարժեք պայմաններ՝ այն լիարժեք իրականացնելու համար»,-եզրափակեց Թադևոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերը միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով կդառնան գաղափարների, արդյունավետ համագործակցության և հավակնոտ նախաձեռնությունների մեկնարկ։