Արմստատն առաջին անգամ հրապարակել է Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիր
4 րոպեի ընթերցում
Արմստատը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով, Եվրոպական վիճակագրության գործելակերպի կանոնագրքի սկզբունքներով, ինչպես նաև Արմստատի տեղեկատվության տարածման և հաղորդակցության քաղաքականությամբ ու ռազմավարությամբ, առաջին անգամ մշակել և հրապարակել է «Ստեղծարար տնտեսությունը Հայաստանում, 2021-2024 թթ.» վիճակագրական տեղեկագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկագրում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար տնտեսության վիճակագրական մշտադիտարկման շրջանակը, հիմնական հասկացությունները, դասակարգման սկզբունքները, տվյալների աղբյուրները և հիմնական վիճակագրական ցուցանիշները։
Ստեղծարար տնտեսության ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանական հիմք է ընտրվել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից մշակված «Ստեղծարար տնտեսության չափման առաջխաղացում. Ստեղծարար արդյունաբերության և առևտրի վերանայված շրջանակ (2024)» մեթոդաբանական շրջանակը, որի նպատակն է ապահովել ստեղծարար տնտեսության վիճակագրական չափման միասնական միջազգային մոտեցում և երկրների միջև տվյալների համադրելիություն։
«Մինչև 2024 թվականը ստեղծարար տնտեսության վիճակագրական չափման միասնական միջազգային շրջանակի բացակայության պայմաններում տարբեր երկրներում կիրառվող սահմանումներն ու դասակարգումները տարբերվում էին, ինչի հետևանքով սահմանափակվում էր համապատասխան վիճակագրական տվյալների միջազգային համադրելիությունը։ Նոր մեթոդաբանական շրջանակի կիրառումը հնարավորություն է տալիս ձևավորել ստեղծարար տնտեսության վիճակագրական չափման առավել միասնական և համադրելի մոտեցում։
Համաձայն կիրառվող մեթոդաբանության՝ ստեղծարար տնտեսությունը գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ամբողջություն է, որը հիմնված է մարդկային ստեղծարարության, մշակութային արտադրության, գաղափարների, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության վրա ու նպաստում է տնտեսական և սոցիալական արժեքի ստեղծմանը»,– նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ստեղծարար տնտեսության վիճակագրական դիտարկումն ընդգրկում է տնտեսական գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են գովազդը և մարքեթինգը, ճարտարապետությունը, տեսալսողական արվեստը, գրքերը և հրատարակչությունը, մշակութային և բնական ժառանգությունը, արտադրանքի, գրաֆիկական և նորաձևության դիզայնը, արհեստագործական արտադրանքի և դիզայներական ապրանքների արտադրությունը, երաժշտությունը, կատարողական արվեստը և կերպարվեստը, ծրագրային ապահովումը, տեսախաղերը, համակարգչային և վեբ ծառայությունները, ինչպես նաև հետազոտությունն ու մշակումը։
Տեղեկագրում ներկայացված են ստեղծարար տնտեսության հիմնական վիճակագրական ցուցանիշները՝ տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը, համախառն ավելացված արժեքը, աշխատողների թվաքանակը, աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը և ապրանքների արտահանումը։ Ցուցանիշները ներկայացված են ըստ ստեղծարար տնտեսության համապատասխան տնտեսական գործունեության տեսակների։
Ստեղծարար տնտեսության վիճակագրական ցուցանիշների ներդրումը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել ոլորտի կառուցվածքի, տնտեսական գործունեության ծավալների, զբաղվածության, աշխատավարձի մակարդակի և արտաքին առևտրում ունեցած դերի վերաբերյալ։ Այն կընդլայնի ազգային հաշիվների տեղեկատվական բազան, կնպաստի տնտեսության կառուցվածքի առավել ամբողջական գնահատմանը և կապահովի ստեղծարար տնտեսության տնտեսական նշանակության ու զարգացման միտումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հասանելիությունը։