3 րոպեի ընթերցում
Հայաստանի կենտրոնական բանկի իրականացրած սթրես թեստի համաձայն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի 10 տոկոս բարձրացումը կարող է բերել 0,6 տոկոս գնաճի՝ հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի և արտադրական ծախսերի վրա ազդեցությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ ռուսական գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին։
Ղազարյանը նշել է, որ գազի գինն ազդում է ոչ միայն բնակչության ծախսերի, այլև էլեկտրաէներգիայի և արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի վրա՝ խնդրելով ներկայացնել ԿԲ-ի գնահատականները։
Գալստյանը շեշտել է, որ ներկայացվող հաշվարկը պայմանական սթրես թեստ է։
«Մենք այդ հաշվարկներն արել ենք, ուղղակի դա սցենար չէ, դա սթրես թեստ է»,- ասել է ԿԲ նախագահը։
Նա բացատրել է, որ հաշվարկում դիտարկվել են ինչպես գազի ու էլեկտրաէներգիայի գները, այնպես էլ էլեկտրաէներգիա օգտագործող ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի փոփոխությունը։ Այդ հաշվարկով՝ գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս, իսկ 10 տոկոս բարձրացման դեպքում՝ 0,6 տոկոս։
Միաժամանակ Գալստյանը զգուշացրել է, որ գազի գնի տարբեր չափերի բարձրացման ազդեցությունը չի կարելի մեխանիկորեն համեմատել։
«Այնտեղ կան, բնականաբար, ոչ գծային գործոններ։ Այսինքն՝ 10 տոկոսը և 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվել»,- նշել է նա։
ԿԲ նախագահը գազի հնարավոր թանկացումը դասել է փոքր հավանականություն, սակայն մեծ ազդեցություն ունեցող ռիսկերի շարքին՝ նշելով, որ ԿԲ-ն քննարկում է նաև այդպիսի զարգացումները։
Հայաստանում գազի գնի բարձրացման հետ կապված քննարկումներ են սկսել այն բանից հետո, երբ Ռուսաստանում հայտարարել են, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է չեղարկվել, եթե երկիրը դադարի ԵԱՏՄ անդամ լինել և գնա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով։
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը 2026 թվականի մայիսին նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել էր միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ Հայաստանն այդ նամակին պատասխանել է, սակայն հրաժարվել էր բարձրաձայնել պատասխանի բովանդակությունը։