Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի. քաղաքացիները կուտակած գումարները կկարողանան ծախսել ցանկացած ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից ավարտել «Սոցիալական փաթեթ» ծրագիրը, որը ներդրվել էր 2012 թվականից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծին, որով առաջարկվում է ավարտել «Սոցիալական փաթեթ» ծրագիրը։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2012 թվականին, երբ ներդրվել էր այդ ծրագիրը, այն իմաստ ուներ, քանի որ այդ ժամանակ պետական համակարգում աշխատանքի անցնելու գրավչությունը բարձրացնելու խնդիր է եղել՝ պայմանավորված պետական համակարգի ցածր աշխատավարձերով։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին առողջապահության, սոցիալական, հանրային կառավարման ոլորտներում իրականացված բարեփոխումների, ինչպես նաև պետական համակարգում վարձատրության ներդրվելիք նոր համակարգի համատեքստում այդ ծրագիրն արդեն իր իմաստը կորցնում է։

«Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում ենք ծրագիրը 2027 թվականի հունվարի 1-ից չշարունակել»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը հատուկ շեշտել է, որ «Սոցիալական փաթեթ» ծրագրի գծով բազմաթիվ քաղաքացիներ իրենց բանկային հատուկ հաշիվներին կուտակած գումարներ ունեն՝ ընդհանուր շուրջ 13 միլիարդ դրամ։ «Այդ գումարները նրանք կարող էին ծախսել կոնկրետ ուղղություններով։ Մենք նախագծով առաջարկում ենք, որպեսզի այդ կոնկրետ ուղղություններն ուժի մեջ մնան ևս 6 ամիս, և դրանից հետո արդեն որևէ ուղղություն չլինի, և նրանք արդեն կարողանան տնօրինել իրենց հասանելիք գումարները իրենց ցանկությամբ, ամբողջությամբ իրենց հայեցողությամբ»,- մանրամասնել է Թորոսյանը։

Հայերեն