3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ համաձայն է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի որոշ ձևակերպումների հետ, սակայն չի կիսում նրա եզրահանգումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գրիգորյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներին։
«Իր ձևակերպումների մի մասի հետ համաձայն եմ, մյուս մասի հետ համաձայն չեմ, եզրահանգման հետ համաձայն չեմ։ Բայց դա նորմալ է, որովհետև տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ։ Մենք ընդհանրապես ցանկացած քաղաքական հարցի շուրջ միշտ քննարկում ենք ունենում խմբակցության ֆորմատով, կառավարության մեր գործընկերների հետ միասին հաճախ, և գալիս ենք տարբեր եզրահանգումների»,-ասել է Ռուբինյանը։
Հստակեցնող հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ համաձայն է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու անհրաժեշտության մասին դիրքորոշմանը։
«Իհարկե, համաձայն եմ, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկն իր հարևանների հետ՝ ոչ միայն անմիջական հարևանների հետ, այդ թվում՝ ռեգիոնալ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է»,-նշել է նա։
Ռուբինյանի գնահատմամբ՝ Հայաստանի վարած քաղաքականությունը համապատասխանում է այդ նպատակին։
Գրիգորյանի՝ հնարավոր նոր քաղաքական ուժ ստեղծելու վերաբերյալ լրագրողի վարկածը Ռուբինյանը չի մեկնաբանել՝ առաջարկելով հարցն ուղղել հենց նրան։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը գնահատել էր որպես անիրատեսական և մտահոգություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կարող են խորացնել Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանի ճնշումների նկատմամբ։
Նոյեմբերի 13-ին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում Գրիգորյանը պնդել էր, որ այդ մտահոգությունները վարչապետին և կառավարության անդամներին ներկայացրել է նաև պաշտոնավարման ընթացքում։ Նա իր հրապարակային դիրքորոշումը կապել էր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում ԵՄ անդամակցության դրույթ ներառելու քննարկումների հետ՝ նշելով, որ նման քննարկման բացակայության դեպքում, ամենայն հավանականությամբ, հոդվածը չէր գրի։