«Նաիրի» ԲԿ-ում բացվեց ժամանակակից բժշկության առաջադեմ լուծումներով հագեցած Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոն
9 րոպեի ընթերցում
«Նաիրի» բժշկական կենտրոնում բացվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոն, որտեղ ներդրվել է Siemens Healthineers ընկերության ARTIS genio անգիոգրաֆիկ համակարգը։ Արհեստական բանականության համատեղմամբ աշխատող նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշել սրտանոթային հիվանդությունները, իրականացնել բարդ միջամտություններ՝ միաժամանակ նվազեցնելով ճառագայթային ազդեցությունը պացիենտների և բուժանձնակազմի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական կենտրոնի ղեկավար կազմը, ոլորտի մասնագետներ և Siemens Healthineers ընկերության ներկայացուցիչներ։
Նորագույն ARTIS genio համակարգը համատեղում է արհեստական բանականության հնարավորություններն ու պատկերային առաջադեմ տեխնոլոգիաները։ Այն ապահովում է սրտի և անոթների բարձր հստակությամբ պատկերներ, հնարավորություն է տալիս իրական ժամանակում վերահսկել բժշկական միջամտությունների ընթացքը, ինչպես նաև իրականացնել բարդ անոթային հետազոտություններ և նվազ ինվազիվ միջամտություններ։
«Նաիրի» բժշկական կենտրոնի Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի ղեկավար Արսեն Ծատուրյանը նշեց, որ ARTIS genio-ն տարածաշրջանում եզակի անգիոգրաֆիկ համակարգ է և առաջինն է, որն ունի ինտեգրված արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Նրա խոսքով՝ ինտերվենցիոն բժշկությունը, բացի բժշկի և բուժանձնակազմի մասնագիտական հմտություններից, պահանջում է բարձր տեխնոլոգիական սարքավորումների առկայություն, որոնք հնարավորություն են տալիս ստանալ բարձրորակ պատկերներ, կատարել դրանց խորքային մշակում և առավել ճշգրիտ պլանավորել միջամտությունները։
«Արհեստական բանականության առկայությունը ARTIS genio անգիոգրաֆիկ համակարգում հնարավորություն է տալիս ցածր ռենտգենյան ճառագայթման պայմաններում ստանալ բարձրորակ անգիոգրաֆիկ պատկերներ, մշակել բարդ անոթային անատոմիան և առաջարկել միջամտությունների իրականացման առավել ճշգրիտ տարբերակներ։ Համակարգը թույլ է տալիս իրականացնել ոչ միայն սրտի կորոնար անոթների հետազոտություններ և միջամտություններ, այլև գլխուղեղի, աորտայի և դրա ճյուղերի, պերիֆերիկ զարկերակների բարդ հետազոտություններ ու միջամտություններ։ Այն համալրված է նաև էմբոլիզացիաների իրականացման և առիթմոլոգիական ինտերվենցիոն միջամտությունների համար նախատեսված ծրագրերով»,- ասաց Ծատուրյանը։
Նա ընդգծեց, որ նորագույն համակարգի կարևոր առավելություններից է նաև ճառագայթային անվտանգության բարձր մակարդակը։ Սարքավորումը թույլ է տալիս նվազեցնել ինչպես պացիենտների, այնպես էլ ռենտգեն վիրահատարանում մշտապես աշխատող բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ պահպանելով պատկերների բարձր որակը։
Անդրադառնալով Հայաստանում ինտերվենցիոն սրտաբանության զարգացմանը՝ Ծատուրյանը նշեց, որ վերջին տարիներին ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս ընդլայնել իրականացվող միջամտությունների շրջանակը, այդ թվում՝ զարգացնել սրտի կառուցվածքային հիվանդությունների տրանսկատետերային բուժումը, երբ հնարավոր է դառնում սրտի փականների պրոթեզավորումն իրականացնել առանց բաց վիրահատության։ Նա կարևորեց նաև Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով, նորագույն սարքավորումների առկայությունը, բուժօգնության համեմատաբար մատչելի արժեքն ու սպասման երկար հերթերի բացակայությունը։
Կենտրոնի բացմանը ներկա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունեց բժշկական կենտրոնի շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նորագույն սարքավորումների, տեխնոլոգիական լուծումների և ծառայությունների ներդրումը հնարավորություն է տալիս Հայաստանում ընդլայնել ժամանակակից բժշկական օգնության հասանելիությունը։
Նախարարը հատկապես կարևորեց պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ նշելով, որ առողջապահական համակարգի զարգացումը հնարավոր է համատեղ ներդրումների և հետևողական աշխատանքի շնորհիվ։
«Ես ուզում եմ ընդգծել պետություն-մասնավոր հատված համագործակցության դերակատարումը։ Վստահ եմ, որ Հայաստանի առողջապահության այս բուռն զարգացումը պետություն-մասնավոր հատվածի՝ ամեն օր խորացող գործընկերության արդյունքն է, որովհետև ո՛չ պետությունը կարող է միայնակ լուծել խնդիրները, ո՛չ էլ մասնավոր հատվածը կարող է ապահովել այն զարգացումը, որը մենք բոլորս ուզում ենք։ Ուրախ եմ, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը, պետական ներդրումները և մասնավոր բժշկական կենտրոնների ներդրումները հնարավորություն են տալիս, որ Հայաստանը օր օրի դառնա զարգացած առողջապահական երկիր»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարն անդրադարձավ նաև սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարին՝ ընդգծելով, որ դրանք շարունակում են Հայաստանում մահացության հիմնական պատճառը մնալ։ Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա նախնական ցուցանիշները վկայում են սուր ինֆարկտների դեպքերի նվազման մասին, ինչը պայմանավորված է հիվանդությունների ժամանակին հայտնաբերմամբ և բուժօգնության հասանելիության բարձրացմամբ։
«Նաիրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ կենտրոնի ամենօրյա գործունեության ընթացքում մշտապես զգացվել է ինտերվենցիոն ծառայության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նոր կենտրոնի բացումը հնարավորություն կտա առավել ժամանակին և որակյալ բուժօգնություն տրամադրել պացիենտներին։
«Սա զուտ կենտրոնի բացում չէ, այլ ևս մեկ հնարավորություն՝ փրկելու նորանոր կյանքեր, ապահովելու ժամանակակից և որակյալ բուժսպասարկում։ Առանձնահատուկ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ հաջորդ տարվա սկզբին պլանավորում ենք դիմել Առողջապահության նախարարությանը՝ ինտերվենցիոն կենտրոնի ծառայություններն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովելու համար»,- ասաց Մարտիրոսյանը։
Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային մենեջեր Մարկո Բրեյն էլ ընդգծեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնն ընկերության ամենաերկարամյա և վստահելի գործընկերներից է Հայաստանում։ Նրա խոսքով՝ կենտրոնը մշտապես ձգտում է ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և ապահովել հնարավորինս բարձրորակ բուժօգնություն։ Նա նշեց, որ ARTIS genio-ն ընկերության նորագույն անգիոգրաֆիկ համակարգն է, որը դեռևս ներդրված չէ անգամ եվրոպական հիվանդանոցներում, և դրա առկայությունը կարևոր ձեռքբերում է Հայաստանի համար։
«Այստեղ ներկայացված է մեր նորագույն և ամենաառաջադեմ անգիոգրաֆիկ համակարգը՝ ARTIS genio-ն։ Դրա առանձնահատկությունն արհեստական բանականության կիրառման եղանակն է։ Երբ խոսում ենք արհեստական բանականության մասին, շատերը պատկերացնում են բավականին պարզ առաջադրանքներ, սակայն այս դեպքում այն իսկապես նշանակալի կիրառություն ունի։ Արհեստական բանականությունը բարելավում է պատկերների որակը, բարձրացնում պացիենտների անվտանգությունը և նվազեցնում ճառագայթման չափաբաժինները։ Անգիոգրաֆիայի դեպքում բժիշկները ստանում են շատ ավելի հստակ պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ հայտնաբերել սրտաբանական ոլորտում առկա շեղումները և ավելի արագ ու արդյունավետ իրականացնել ախտորոշումը»,- նշեց Բրեյը։
Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի բացմամբ «Նաիրի» բժշկական կենտրոնը շարունակում է միջազգային առաջատար տեխնոլոգիաների ներդրման իր ռազմավարությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում առավել հասանելի դարձնել ժամանակակից, բարձր տեխնոլոգիական և միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնությունը։