3 րոպեի ընթերցում
Ռուսաստանի հասցեին Էստոնիայի և եվրոպական այլ երկրների՝ դիվերսիոն գործունեության վերաբերյալ մեղադրանքները բացարձակապես անհիմն են և ամբողջությամբ մերժվում են ռուսական կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Տալլինի որոշումը՝ փակելու ռուս-էստոնական սահմանը։
«Նման մեղադրանքներ մենք լսում ենք ոչ միայն Տալլինից, այլև եվրոպական այլ մայրաքաղաքներից։ Այդ բոլոր հայտարարությունները որևէ հիմք, որևէ փաստարկ չունեն՝ ո՛չ ապացույցներ, ո՛չ որևէ այլ բան։ Դրանք բացարձակապես անհիմն են։
Հետևաբար, մենք չենք կարող ընդունել նման մեղադրանքները։ Մենք դրանք չենք ընդունում, համաձայն չենք դրանց հետ և լիովին հերքում ենք դրանք»,- ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ սահմանը փակելու որոշմամբ Էստոնիան «պատ է կառուցում», ինչը, նրա համոզմամբ, լավ հետևանքներ չի ունենա երկրի համար։
«Էստոնիան «պատ է կառուցում»։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ երկրներ են պատեր կառուցել, սակայն դրանք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերը կառուցողներին»,- ասել է նա։
Նոյեմբերի 15-ին Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կընդունվի կառավարության նիստում, իսկ սահմանափակումները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական։
Իսկ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից Տալլինը կփակի ռուս-էստոնական սահմանի բոլոր ցամաքային անցակետերը։
Հայտարարությունը հաջորդել է Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններից մեկի դեմ ենթադրյալ դիվերսիայի փորձին, որի կազմակերպման համար Տալլինը մեղադրում է Մոսկվային։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի դեմ թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա»,- X-ի իր էջում գրել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան` նշելով, որ սա հերթական հիշեցնում է, որ «Ռուսաստանի թշնամական գործողությունները տարածվում են Ուկրաինայի սահմաններից անդին»։