1 րոպեի ընթերցում
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում նիստից տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառումով։
«Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Շարունակել ենք Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։ Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները»,- գրել է Սրբուհի Գալյանը։
Արդարադատության նախարարը երեք օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։