COP17-ը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և հիմք ստեղծել նոր համագործակցությունների համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան
10 րոպեի ընթերցում
Երևանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանի համար աննախադեպ իրադարձություն էր թե՛ կազմակերպչական ծավալներով, թե՛ բովանդակային արդյունքներով։ Համաժողովի շրջանակում ընդունված 49 որոշումները, «Երևանյան ուղու» նախանշումը, Հայաստանի ներկայացրած չորս նախաձեռնությունները և միջազգային նոր գործընկերությունները հիմք են ստեղծել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ հետագա համագործակցության համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, անդրադառնալով COP17-ի հիմնական ձեռքբերումներին, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, ֆինանսավորման նոր հնարավորություններին և առաջիկա երկու տարիներին երկրի առաջնահերթ անելիքներին։
Նրա խոսքով՝ COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար աննախադեպ էր ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ծավալներով։ Միայն համաժողովի «Կապույտ գոտում» անցաքարտ է ստացել 14 հազար մասնակից, իսկ հարակից միջոցառումների թիվը հասել է շուրջ 400-ի՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված միջոցառումները։
«Համաժողովի արդյունքում ընդունվեց կենսաբազմազանության COP-երի պատմության մեջ աննախադեպ թվով որոշում՝ 49։ Ընդհանուր առմամբ, քննարկվող 52 փաստաթղթից ընդունվեց 49-ը, որոնք իրենց բովանդակությամբ շատ կարևոր են հետագա աշխատանքների և կողմերի գործունեության համար»,- նշեց Աբիսողոմոնյանը։
Նախարարի տեղակալն առանձնացրեց հատկապես գլոբալ վերանայման վերաբերյալ որոշումը, որը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Այդ որոշմամբ, ի թիվս այլ հարցերի, նախանշվել է «Երևանյան ուղին», որը նախատեսում է շարունակական աշխատանքների իրականացում առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 2030 թվականը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախներին հասնելու նպատակով։
«Գլոբալ վերանայման վերաբերյալ որոշումն առանձնահատուկ էր նաև այն առումով, որ բոլոր թիրախներն իրենց տեղը գտան այդ որոշման մեջ։ Չնայած կողմերի միջև առկա հակասություններին՝ հաջողվեց դրանք ամփոփել մեկ փաստաթղթի շրջանակում, ինչը, թերևս, աննախադեպ արդյունք էր»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով համաժողովի միջազգային նշանակությանը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ COP17-ի հաջող անցկացումը նպաստել է Հայաստանի միջազգային հեղինակության և տեսանելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ համաժողովի ավարտից երկու շաբաթ անց էլ Հայաստանը շարունակում է տարբեր գործընկերներից ստանալ շնորհավորական և գովեստի խոսքեր՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային աշխատանքների վերաբերյալ։
Նա առանձնացրեց նաև միջազգային մամուլի դրական արձագանքը։ Աբիսողոմոնյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում և դրանից հետո միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ դրական հրապարակումներ են եղել ինչպես COP17-ի, այնպես էլ Հայաստանի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում բարձրացրեց իր հեղինակությունն ու տեսանելիությունը, ինչը միանշանակ կնպաստի հետագայում առնվազն զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ COP17-ի ավարտից հետո նույնիսկ բազմաթիվ պատվիրակներ, այդ թվում՝ քարտուղարության ներկայացուցիչներ, մնացին Երևանում ևս մեկ-երկու շաբաթ՝ իրենց հանգիստն անցկացնելու համար։ Սա ևս նպաստում է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- նշեց նա։
Խոսելով համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց հետագա իրականացման հնարավորությունների մասին՝ Աբիսողոմոնյանն առանձնացրեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված չորս նախաձեռնությունները, որոնք վերաբերում են լեռնային օրակարգին, հաշվետվությունների ներկայացման թվայնացման դրական խթաններին և պահպանվող տարածքներին։
Նրա խոսքով՝ նախաձեռնություններն իրականացվել են մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ և կրում են շարունակական բնույթ։
«Ներկայում արդեն սկսվել են աշխատանքները դրանց հետագա ինստիտուցիոնալացման և իրականացման, ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Արդեն նշանակել ենք կոնտակտային անձանց, որոնք միջազգային գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ կշարունակեն աշխատանքները՝ այդ նախաձեռնություններն իրականացնելու նպատակով»,- մանրամասնեց Աբիսողոմոնյանը։
Համաժողովի կարևոր ուղղություններից մեկն էլ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումն էր։ Աբիսողոմոնյանի խոսքով՝ այս առումով ևս աննախադեպ արդյունքներ են արձանագրվել։
«COP17-ի շրջանակում հնչեցին կենսաբազմազանությանը հատկացվող ֆինանսական միջոցների վերաբերյալ խոստումներ։ Մասնավորապես, գրեթե 2 միլիարդ դոլարի հասնող գումար կտրամադրվի համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության խնդիրների հասցեագրման նպատակով»,- նշեց նա։
Նախարարի տեղակալի խոսքով՝ միջազգային նոր գործընկերությունները հնարավորություն են ստեղծում նաև Հայաստանում բնապահպանական նոր ծրագրեր իրականացնելու, երկրի առջև ծառացած մարտահրավերները հասցեագրելու համար։
Անդրադառնալով COP17-ից հետո Հայաստանի առաջնահերթ անելիքներին՝ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ համաժողովի անցկացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությունը։
Նրա խոսքով՝ սա Հայաստանի նախագահության միայն սկիզբն է, և առաջիկա երկու տարիներին երկիրը շարունակելու է ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ։
Խոսելով կանաչ տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավվածության մասին՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի ներկայացրած չորս առաջնահերթություններից մեկը վերաբերում է պահպանվող տարածքներին, որոնց շրջանակում հնարավոր է ընդլայնել պահպանվող և կանաչ տարածքները։
Նրա խոսքով՝ COP17-ի ընթացքում, բացի հարակից միջոցառումներից, անցկացվել են նաև ինը մանդատավորված զուգահեռ միջոցառումներ, որոնք ընդգրկել են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ բիզնեսի և կենսաբազմազանության, ֆինանսների և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը։
«Այդ միջոցառումների շրջանակում քննարկվեց նաև բիզնեսի կամ գործարար համայնքի ներդրումը կենսաբազմազանության ոլորտում, ինչպես նաև կենսաբազմազանության ներդրումը գործարար ոլորտի զարգացման գործում։ Կարծում եմ՝ այս ոլորտը շատ խոստումնալից է, և առաջիկա երկու տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր գործունեության ընթացքում հաշվի կառնի նաև այդ միջոցառումների ընթացքում քննարկված թեմաներն ու դրանց արդյունքների առաջմղման անհրաժեշտությունը»,- նշեց Աբիսողոմոնյանը։
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ Հայաստանի ներկայացրած բոլոր չորս նախաձեռնություններն էլ շարունակություն են ունենալու համաժողովից հետո։ Նրա խոսքով՝ COP17-ի ընթացքում տրվել է դրանց միայն մեկնարկը, իսկ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար դեռևս մեծածավալ աշխատանք է անհրաժեշտ։
«Լավ նորությունն այն է, որ բոլոր չորս նախաձեռնությունների մեկնարկը հագեցած էր։ Ունեինք բազմաթիվ հետաքրքրված կողմեր՝ թե՛ պետություններ, թե՛ միջազգային կազմակերպություններ, որոնք ոչ միայն հետաքրքրված են այդ միջոցառումներով և ծրագրերով, այլև ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ու մասնակից դառնալ դրանց իրականացմանը»,- ասաց նա։
Աբիսողոմոնյանի խոսքով՝ միջազգային ներկայիս իրավիճակում նման մեծամասշտաբ ծրագրերի իրականացումը պահանջում է գործընկերների ակտիվ ներգրավվածություն, քանի որ միայնակ հնարավոր չէ կյանքի կոչել այդպիսի նախաձեռնություններ։
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր չորս նախաձեռնությունների շրջանակում արդեն իսկ ունենք բազմաթիվ նախանշված գործընկերներ, որոնց հետ սկսվել են աշխատանքները։ Կարծում եմ՝ առաջիկայում այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ ևս հետաքրքրություն կհայտնեն՝ միանալու այդ նախաձեռնություններին և իրենց ավանդը բերելու դրանց իրականացմանը։ Սա միանշանակ կնպաստի գլոբալ մակարդակով կենսաբազմազանության խնդիրների հասցեագրմանը»,- ընդգծեց նախարարի տեղակալը։
Աբիսողոմոնյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի ակտիվ ներգրավվածությունը միջազգային և գլոբալ նշանակության միջոցառումներում՝ իր ներդրումն ունենալով համաշխարհային գործընթացներում։