Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա
3 րոպեի ընթերցում
Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության կազմում. այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Եվրոպական միությանն անդամակցելը, այդ կառույցին միանալու ձգտումը կամ անդամակցության գործընթացի մեկնարկն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հետ։ Բոլոր ղեկավարներն էլ բաց և անկեղծ խոսում են այդ մասին. պետք է ընտրություն կատարել։ Հուսով եմ, որ դա կլինի հենց հայ ժողովրդի կատարած ընտրությունը։
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում որևէ ազդեցություն չի ունենա կառույցի կայունության վրա։ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ գործակցելու հարցում այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է ռուս պաշտոնյան։
Վալենտինա Մատվիենկոն նաև հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։
«Ի վերջո, ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելը Հայաստանի իրավասությունն է։ Սակայն կարծում եմ, որ եթե ընտրվի վերջին տարբերակը, Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու վերաբերյալ հարց չի քննարկվել։ Նույն նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, նաև քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից։
Հայաստանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառվել են։