2 րոպեի ընթերցում
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նման հայտ չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հայտ»,- ասել է նա՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։
Լավրովը նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կքննարկվի որոշման նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանին զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և կասեցնել քվոտային պաշտոնների համար Հայաստանի քաղաքացիների թեկնածություններն առաջադրելու իրավունքը՝ մինչև անդամավճարների պարտքի ամբողջական մարումը։ Նրա խոսքով՝ նախագիծն ընդունվելու դեպքում էլ Հայաստանը կպահպանի Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված հիմնական իրավունքները, այդ թվում՝ հավաքական անվտանգության իրավունքը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառվել են։ Նույն ճեպազրույցում նա նշել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նիկոլ Փաշինյանը նաև որպես Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու իրատեսական ժամկետ է նշել 2027 կամ 2028 թվականը։