Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի ընթացքում Է.Ն.-ն օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Մ.Բ.-ին արատավորող տեսագրությունը տարածել վերջինիս բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:

Այնուհետև, 2025 թվականի ընթացքում Է.Ն.-ն Մ.Բ.-ի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունն առանց վերջինիս համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այն հասանելի դարձնելով այլ անձանց: Վերոգրյալ գործողությունների հետևանքով Մ.Բ.-ն երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 26-ին Է.Ն.-ն որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Համագյուղացուն սպանելուց հետո Է.Ն.-ն վերադարձել է ավտոմեքենայի մոտ և փորձել մոր հետ միասին հեռանալ դեպքի վայրից, սակայն այդ պահին այնտեղ են եկել սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Է.Բ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (3 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 258-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (շորթումը), 204-րդ հոդվածի 2-րդ մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձը):

Վերջինս կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար

Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ