3 րոպեի ընթերցում
Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Գիտեք, որ վերջին շրջանում մենք որոշ նախաձեռնություններ ունեինք օրենսդրական փոփոխությունների, և դրանցից մեկը նաև թաղման նպաստի շահառուների ցանկի վերանայումն էր՝ այն ավելի հասցեական դարձնելու նպատակով։
Ուզում էի տեղեկացնել, որ մենք նայել ենք, հետևել ենք հանրային արձագանքներին, ինչպես նաև անցյալ «Քաղաքացիական պայանագիր խմբակցության» մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում և որոշում ենք կայացրել այդ մասով մեր նախաձեռնությունն առաջ չտանել, այսինքն՝ որևէ փոփոխություն չիրականացնել։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ, այսինքն՝ այս մասով որևէ փոփոխություն չի նախաձեռնվի և այն նախագիծը, որը մենք դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- հայտարարել է Թորոսյանը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ավելի վաղ նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր այսուհետ ոչ բոլոր խմբերին տրամադրել թաղման նպաստ, փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Փոփոխությունը նախատեսվում էր գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից: ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թաղման նպաստի վերանայման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար: Նախատեսվում էր նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 1000 դրամով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը պարզաբանել է, որ թաղման նպաստները վերանայելու որոշումից հրաժարվելու որոշումից բխում է, որ չեն բարձրացվի նաև կենսաթոշակները.
«Քանի որ ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, և դրա արդյունքում բյուջետային միջոցներ կազատվեին, որոշվել էր այդ միջոցներն ուղղել թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի վճարման կարգում փոփոխությունները չեն արվում, այդ նախաձեռնությունն առաջ չենք տալիս, Ազգային ժողով չենք ուղարկում, բյուջետային միջոցներ ևս չեն ազատվում, ուստի թոշակների ավելացումը ևս չի իրականացվելու»,- նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ թաղման նպաստների վճարման կարգն անփոփոխ թողնելու որոշմանը հանգել են՝ հաշվի առնելով նախագծի հանրային քննարկման ժամանակ հնչած հանրային արձագանքները։