2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական օրակարգում։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Կատարի ղեկավարի հետ նախատեսված է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
Կատարը առանցքային դեր է ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդական ջանքերում՝ փոխանցելով առաջարկներ և փորձելով կողմերի միջև համաձայնություն գտնել Իրանի միջուկային ծրագրի և հակամարտության դադարեցման պայմանների շուրջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, և մոտ ապագայում բեկում չի ակնկալում։ Նա նշել է, որ Թրամփը նախընտրում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այդուհանդերձ, Ռուբիոն Իրանի պահանջներն անվանել է «անընդունելի», իսկ դրանցից մի քանիսը՝ «վրդովեցուցիչ, ծիծաղելի և իրականությանը չհամապատասխանող»։
Իսկ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում նոյեմբերի 8-ին կրկին հայտարարել է, որ Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը խիստ քիչ հավանական է համարում, քանի դեռ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցում։
Նրա հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ երկու երկրներն էլ հայտնել են Հորմուզի նեղուցում կամ դրա մերձակայքում նավերի ուղղությամբ հարվածների մասին։