Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

4 րոպեի ընթերցում

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից նոյեմբերի 6-7-ը անցկացված «Լուսաբանումն աղետների ժամանակ» երկօրյա դասընթացը միտված էր լրագրողների մասնագիտական անվտանգության ապահովմանը, արտակարգ իրավիճակներում ռիսկերի ճիշտ գնահատմանը և փրկարարների հետ արդյունավետ համագործակցությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկօրյա դասընթացին մասնակցում էին ինչպես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀԿԽԸ լուսաբանման հրահանգիչներ։

Աղետների և արտակարգ պատահարների ժամանակ լրագրողների անվտանգությունը հաճախ մոռացվում է կամ չի ապահովվում հենց իրենց՝ լրագրողների կողմից։ Երբեմն դա մասնագիտական գործունեության ընթացքում հնարավոր ռիսկերի չգնահատման հետևանք է, ինչի արդյունքում լրագրողները հայտնվում են ծայրահեղ իրավիճակներում՝ մոռանալով սեփական անվտանգության մասին։

Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Արթուր Հովհաննեսյանի խոսքով՝ լրագրողները մասնագիտական պարտականությունները կատարելիս, երբեմն նույնիսկ չգիտակցելով, հայտնվում են վտանգավոր գոտիներում, ուստի չափազանց կարևոր է, որ նրանք տիրապետեն անվտանգության կանոններին և կարողանան դրանք կիրառել գործնականում։

Դասընթացի ընթացքում անցկացված ցուցադրական վարժանքն ավելի քան խոսուն էր՝ ճանապարհատրանսպորտային պատահարների լուսաբանման ժամանակ լրագրողները հաճախ առանց գիտակցելու խախտում են անվտանգության կանոնները՝ հայտնվելով հնարավոր վտանգավոր գոտում։ Փրկարարները ցույց տվեցին լրագրողների աշխատանքի համար անվտանգ գոտիներն ու նկարահանման թույլատրելի սահմանները։ Ավտովթարների լուսաբանման ժամանակ 5 մետրը համարվում է «կարմիր»՝ անթույլատրելի մոտենալու գոտի, որտեղ, բացի փրկարարներից, ոչ ոք իրավունք չունի մոտենալ։ Փրկարարական աշխատանքներին չխոչընդոտելը պետք է լինի բոլորի, այդ թվում՝ լրագրողների առաջնահերթությունը։

Դասընթացի մասնակիցները ծանոթացան «Լոռէ» փրկարարական ջոկատի առաջին արձագանքման աշխատանքներին ու տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև աղետների ռիսկերի գնահատման և նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Դասընթացը նաև հրաշալի հնարավորություն էր մարզային լրագրողների և ՀԿԽԸ հրահանգիչների միջև կապերի ստեղծման համար։ Աղետների պարագայում հնարավոր կապի միջոցների բացակայության դեպքում տեղեկատվական խնդիրը հնարավոր կլինի լուծել մարզային կամավորների և մարզային լրագրողների միջոցով։

Ծրագրի շրջանակում ներկայացվեցին հումանիտար ճգնաժամերի լուսաբանման կանոնները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելություններն ու աշխատանքները, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանն ընդգծեց լրատվամիջոցների դերն ու կարևորությունը՝ շեշտելով նաև արտակարգ իրավիճակներում լրագրողների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին «Լուսաբանումն աղետների ժամանակ» թեմայով վկայականներ։

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց առավել պատրաստված գործել արտակարգ իրավիճակներում և ճիշտ գնահատել ռիսկերը։

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն